Իմ պատմությունը մի շատ բարի տղայի մասին է, որին հասկանալն ուղղակի մի քիչ դժվար է: Մենք առաջին անգամ հանդիպել ենք մեկ տարի առաջ, երբ նա փոխադրվում էր 5-րդ դասարան: Մինչ այդ կարծիքներ շատ էի լսել, բայց որոշեցի, որ ինքս «կուսումնասիրեմ» նրան և կառաջնորդվեմ իմ կարծիքով: Առաջին օրվանից փորձեցի շահել նրա վստահությունը: Երբ ծանոթանում էինք մյուսների հետ, լսեցի նաև նրան, փորձեցի մասնակից դարձնել ոչ բարդ առաջադրանքների կատարմանը: Թեև գնացի որոշ զիջումների, բայց փորձեցի անվերապահորեն չկատարել նրա բոլոր ցանկությունները: Հետո աննկատ նրան ստիպեցի ենթարկվել ընդհանուր կարգուկանոնին՝ լռություն պահպանել, առանց թույլտվության դուրս չգնալ, ուշանալու դեպքում թույլտվությամբ նստել՝ օրինակ բերելով դասընկերներին, դասին ներկայանալ դասագրքով և գրենական պիտույքներով, չուտել դասի ժամին, քանի որ մյուսները ևս չեն ուտում: Ցույց տվեցի, որ պետք է հետևի այն կանոններին, որոնցով շարժվում են մյուսները, քանի որ ինքը բոլորից մեկն է: Երեխային բերեցի այն համոզմանը, որ եթե դասամիջոցին ինքը խաղում, վազում է իր ընկերների հետ, նրանցից ետ չի մնում, պետք է ետ չմնա նաև ուսումնական գործընթացում, լինի ԻՆՉՊԵՍ ԲՈԼՈՐԸ:
Այնուհետև, սկսեցի անհատական աշխատանքներ հանձնարարել՝ գրել, նկարել, հետևել կարդացողին, գտնել բառեր: Հետո անցանք գրատախտակին: Սկզբում միայն գրատախտակն էր մաքրում, հետո հանձնարարում էի ինչ-որ բան գրել-նկարել: Եթե օգնության կարիք ուներ, աջակցում-հուշում էինք: Սկսեցի տնային աշխատանքներ հանձնարարել՝ փոքրիկ հատվածներով, դասի նյութից ընտրում էի ընթերցելու մի հատված, ապահովում, որ ընկերները համբերատար լսեն նրան և ոչ մի դեպքում բացասաբար չարձագանքեն: Կամաց-կամաց տղան ցանկություն հայտնեց մասնակցել մեր քննարկումներին, նրան ներգրավեցինք կարծիքներ փոխանակելու գործընթացին, ու, ի վերջո, դարձավ մեր դասարանի լիիրավ անդամը:
Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց երբ յուրաքանչյուր հաջողություն և հաղթանակ խրախուսվում է, անցնելիք ուղու դժվարությունները հաղթահարվում են...