Գործն է անմահ,
Լա՛վ իմացեք…
Աջակցումն ուսումնական գործընթացի կարևորագույն բաղադրիչ է, այն համագործակցային աշխատանքի հիմքն է։ Աջակցում ուսուցչին, աշակերտին, ծնողին․․․
Երեխային դժվար էր նոր սոցիալական դերին, միջավայրին, իրադրությանը հարմարվելը։ Աննշան փոփոխությունն անգամ առաջացնում էր բարձր տագնապայնություն, և դժգոհությունը երբեմն դրսևորվում էր ինքնագրեսիայով։ Նա փակում էր աչքերն ու ականջները, կծկվում էր, պառում հատակին և բղավում։
Հերթական խորհրդակցության ժամանակ տնօրենն առաջարկեց, որ ինքն անձամբ երեխայի հետ շրջի դպրոցում, նրան ծանոթացնի տարածքին։ Ճանաչողական զբոսանքից հետո երեխան եկավ մանկավարժահոգեբանական աջակցման դասասենյակ։ Մասնագիտական թիմն սկսեց հարմարման աշխատանքները։
Հոգեբանն ու սոցիալական մանկավարժը նախնական զրույց ունեցան երեխայի համադասարանցիների և նրանց ծնողների հետ։ Աշակերտներին ասվեց, որ դասարանում սովորելու է մի բալիկ, որը բոլորի օժանդակության կարիքն ունի, որին պետք է օգնել, որ կարողանա բոլորի հետ միասին խաղալ և դառնալ գրաճանաչ։ Զգուշացրինք, որ իրենց ընկերը չի սիրում աղմուկ։ Երեխաները մեծ ոգևորությամբ աջակցման տարբերակներ էին առաջարկում։ Սկզբի համար որոշեցինք հնարավորինս չաղմկել դասարանում և պարտադիր ձեռքով ողջունել դասընկերոջը։ Անկեղծ ասած, դժվար էր։ Բայց մեր դպրոցի անձնակազմը համբերությամբ և սիրով կառուցում էր նրա հետ շփման և հաղորդակցման կամուրջները։ Ապահովության զգացումն օգնեց, որ երեխան մասնագետների և համադասարանցիների հետ շփվի բաց աչքերով։ Վայրկյաններ տևող տեսողական կոնտակտը դարձավ այն բանալին, որ շատ դռներ բացեց հետագայում։ Ամիսների ընթացքում ավելացավ ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունը։Հոգեբանի,սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի և լոգոպեդի աշխատանքի արդյունքում ակտիվացան հիշողությունն ու ուշադրությունը, մշակվեցին հուզական վիճակի արտահայտման ժեստեր / գոհունակություն- ափն ափի ծափ, դժգոհություն- ափերով փակում ենք դեմքը․․․/,աստիճանաբար հղկվեց խոսքը, զարգացավ գրավոր խոսքը, դրա քերականական կառուցվածքն ու վերարտադրումը։ Աշխատանքների արդյունքների քննարկումների ընթացքում պարբերաբար փոխվում էր նպատակը։ Հիմք ընդունելով գրելու նկատմամբ բացասական վերաբերմունքը՝ նրա անհատական առաջադրանքները կազմելիս ուսուցչուհին կիրառում էր քիչ ծավալով հանձնարարությամբ բառապաշարի նպատակաուղղված հարստացման մեթոդը։ Թիմային քննարկմամբ ընտրվում էին աշակերտի մտածողության զարգացմանը և վարքային դրական ձևերի յուրացմանը նպաստող աշխատանքներ։
Խմբային խաղերը, արտ-թերապիայի մեթոդների կիրառումը, հեքիաթներն ու դերային խաղերը, համադասարանցիների դրական վերաբերմունքն ու համագործակցման պատրաստակամությունը, արտադպրոցական համատեղ էքսկուրսիաներն ու դասարանական միջոցառումներին մասնակցությունը հիմք դրեցին նրա զարգացման վերելքին և անձնային աճին։
Տանը նա կարողացել էր հմտանալ համակարգչի կիրառման գործում։ Այդպես, ուսուցողական ծրագրերի միջոցով ամրապնդել էր ռուսերենի և անգլերենի ակտիվ բառապաշարը։ Զարգացնող խաղերի օգնությամբ արագացել էր աշխատանքային տեմպն ու ակտիվացել էր ուշադրությունը բաշխելու կարողությունը, զարգացրել կամային որակները։
Մենք մի փոքրիկ հնարք կիրառեցինք։ Թելադրություններն ու կիսամյակային ամփոփիչ աշխատանքները կատարում էինք համակարգչային ծրագրերով։ Արդյունքում ավելացնում էինք նաև գրավոր աշխատանքների ծավալը և առաջադրանքներն աստիճանաբար բարդացնում էինք՝ մեկ գործողություն պարունակողը փոխարինելով երկուսով, իսկ երբեմն էլ երեք գործողության պահանջով։ Ամենափոքրիկ դրական արդյունքն անգամ արժանանում էր խրախուսանքի։ Ընթացքում հաղթահարվեցին շատ վախեր։Նա սկսեց աշխատել նաև գրատախտակի մոտ։ Տարիների ընթացքում սկսեց ավելշատ մասնակցել դասապրոցեսին և ավելի քիչ գալ ռեսուրս սենյակ։ Անհատական աջակցման աշխատանքները նրան վստահություն ներշնչեցին սեփական կարողությունների հանդեպ։ Քիչ-քիչ, դանդաղ շտապելով՝ մենք հասանք 4-րդ դասարան։ Նրա և տնօրենի հերթական զրույցից հետո մեզ հրավիրեցին խորհրդակցության։ Մանկավարժական խորհրդի նիստի ընթացքում արտահայտվեցին նրան դասավանդող ուսուցիչներն ու աջակցող մանկավարժները։
Ընդունվեց որոշում կազմել գիտելիքի ստուգման անհատական թեստային աշխատանք՝ հաշվի առնելով աշակերտի կարողություններն ու ձեռքբերումները, տալ հնարավորություն իր համադասարանցիների հետ մասնակցելու գործընթացին։
Նա պատվով հաղթահարեց փորձությունը։
Այսօր նա համադասարանցիների հետ մեկտեղ, իր կարողությունների սահմանում, մասնակցում է բոլոր դասաժամերին։ Կատարում է մանկավարժների առաջադրանքները, պահպանում է դասարանական կանոնները, դրսևորում է աշակերտական վարք և շփվում է ոչ միայն իր մայրենիով՝ ոսկեղենիկ հայերենով, այլ նաև խոսում և գրում է ռուսերեն և անգլերեն։
Ի պատիվ դպրոցի աշակերտների, համադասարանցիների, տնօրենի, մանկավարժների, մասնագետների և աշակերտի ծնողի՝ պետք է նշեմ, որ այսօր մենք ականատեսն ենք անհնարինի, երբ շատ մասնագետներ ուղղակի ինքնախաբեություն էին համարում անգամ դրական արդյունքի ակնկալիքը։