ՀՀ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի միջնակարգ դպրոցի կրթադաստիարակչական աշխատանքների մասով տնօրենի տեղակալ, աշխարհագրության ուսուցչուհի Անուշ Համբարձումյանը ներկայացրել է իր հաջողության պատմությունը:

«ՀՀ Արմավիրի մարզում մեկ տարի առաջ սկսվեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ: Սկզբնական շրջանում հետաքրքրված էի Անահիտ Բախշյանի և Անուշ Աբելյանի գործունեությամբ՝ թե ինչպե՞ս կարելի է կազմակերպել դասը, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին ինչպե՞ս պետք է ներառել դասապրոցեսին: Շատ փնտրտուքներից հետո հասկացա, որ յուրաքանչյուր երեխայի պետք է ցուցաբերվի առանձնահատուկ մոտեցում՝ հաշվի առնելով երեխայի առանձնահատկությունները: Աշխարհագրության մասնագետ եմ: Աշխարհագրության հենքը համարելով 6-րդ դասարանի դասագիրքը և քարտեզը՝ իմ առջև նպատակ դրեցի այդ տարիքային խմբում սովորող աշակերտիս մինչև տարվա վերջ սովորեցնել մայրցամաքները և օվկիանոսները: Աշակերտս ուներ մտավոր հետամնացության խնդիր: Դժվար ընկալումը առավել դյուրին դարձնելու համար ամեն օր ուրվագծային քարտեզից մի հատված փորձում էի բացատրելով ներկել տալ: Երբ ավարտում էր ներկելը, նույն ուրվագիծը համեմատության մեջ դնելով՝ ընդհանուր աշխարհագրական քարտեզի հետ գտնում էր մայրցամաքը կամ օվկիանոսը: Ի դեպ, ընդհանուր աշխարհագրական քարտեզի վրա սկզբում մայրցամաքները և օվկիանոսները տարբեր գույներով էի ներկել՝ տեսողական հիշողությունը երեխայի մոտ ամրապնդելու նպատակով: Երբ սովորում էր հիմնական տեղը, փորձում էինք ֆիզիկական քարտեզի վրա գտնել աշխարհագրական օբյեկտը: Ամենահետաքրքիրն այն է, որ իմ աշակերտը, ամենակարևորը, իրեն միշտ կարևորված էր զգում և դասի վերջում, երբ սովորածը ցույց էր տալիս քարտեզի վրա, արժանանալով դասընկերների ծափողջուններին, երջանկությունից փայլում էր: Առհասարակ մանկավարժի համար առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելը պետք է կրի հետազոտական բնույթ, քանի որ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր դասաժամին կարող է պահանջել նոր մոտեցում: Եվ ուսումնասիրելով երեխայի առանձնահատությունները և նրա հանդեպ տարաբնույթ մոտեցումները՝ հետազոտության արդյունքում կունենանք կրթության անխոչընդոտ անցկացում՝ ի շահ երեխայի, և մանկավարժի մասնագիտական հմտությունների զարգացում»: