Սեպտեմբերի 6-ին, Վայոց ձորի մարզում կնշվի Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը։
Մարզում նախատեսվում են մի շարք միջոցառումներ:
Թանահատի վանական համալիրում, ժամը 15։00-ին կկատարվի օրհնության կարգ և կմատուցվի Սուրբ պատարագ։ Հոգևոր և աշխարհիկ կատարումներով հանդես կգա «Գեղարդավանք» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր՝ Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան):
Ժամը 17։00-ին, Եղեգնաձորի մշակույթի տան հարակից տարածքում, առանձին տաղավարով կներկայանա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը՝ խաչքարագործ, կավագործ վարպետների աշխատանքների ցուցադրությամբ և վարպետաց դասերի անցկացմամբ։ Իրենց աշխատանքները կներկայացնեն մանրանկարչության վարպետները, ծղոտագործները։
Միջոցառմանը կմասնակցեն նաև «Տերյան» մշակութային կենտրոնը և «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, որը կիրականացնի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։
Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները կկազմակերպեն փայտի փորագրության աշխատանքների ցուցադրություն, գինու, քաղցրեղենի համտես։
Ելույթ կունենան մարզի պարային համույթները։ Կցուցադրվի «Երկրորդ Աթենք Պանծալի» փաստավավերագրական ֆիլմը։