ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 19-ին ընդունել է քաղաքացիներին. նախապես դիմած 13 քաղաքացիներից ընդունելությանը ներկայացել են 12-ը:

Բարձրացված հարցերը վերաբերել են ՊՈԱԿ-ների տնօրենների մրցութային կարգին, քաղաքացիներին տեղեկացվել է, որ այս պահին գործող կարգում փոփոխություններ են նախաձեռնվում և առաջարկվել է դիտարկումները ներկայացնել e-draft հարթակի միջոցով: Ի պատասխան քաղաքացիներից մեկի` մանկավարժական թոշակի նշանակման հետ կապված խնդրանքին, նախարար Հարությունյանը խոստացել է անդրադառնալ հարցին:

Շիրակի մարզի Վարդաքար համայնքից տատիկի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի մոտ եկած 5-ամյա տղան էլ դիմել է իրենց գյուղում մանկապարտեզ ունենալու խնդրով: Սպորտում արդեն լուրջ հաջողություններ արձանագրած և ըմբշամարտում մեծ ներուժ ունեցող տղան այսօր մարզվում է Արթիկի մարզադպրոցում, բայց երազանքը Գյումրու ըմբշամարտի դպրոց տեղափոխվելն է: Նախարարը հանձնարարել է դիտարկել այդ համայնքում նախակրթարան բացելու հնարավորությունը և հույս հայտնել, որ երեխան մի քանի տարուց կմարզվի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցում:

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաև կրթական համակարգի բարեփոխումներին, աշխատաշուկայում ավելի մրցունակ մասնագիտությունների ձևավորման վերաբերյալ առաջարկություններ: