ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և «Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի մարզական ակումբը» «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում» անցկացրել են Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար, որին մասնակցել են պատվիրակություններ Բելոռուսից, Իսրայելից, Լիտվայից, Հունաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Արցախից, Հայաստանից:

Լևոն Հայրապետյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահն էր, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրենը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի «էքստրա» դասի մրցավար, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: Նրա՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահության ընթացքում, հայ սամբիստներն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են ավելի քան 700 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: վ արցախյան շարժման և պատերազմի ակտիվ մասնակից էր, 2000-2007 թթ. եղել է ՀՀ ՊՆ Բանակի կենտրոնական մարզական ակումբի պետ:

Կանանց 5 քաշային կարգերում Ռումինիայի ընտրանին նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, Ֆրանսիան՝ 1 արծաթե մեդալ, Հայաստանը՝ 1 ոսկի, 2 արծաթ, 7 բրոնզ:

Տղամարդկանց 9 քաշային կարգերում մեդալների դասակարգումը հետևյալն է. Հայաստան՝ 2 ոսկի, 4 արծաթ, 10 բրոնզ, Վրաստան՝ 2 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ, Ռուսաստան՝ 2 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ, Ռումինիա՝ 2 ոսկի, 1 բրոնզ, Հունաստան՝ 1 ոսկի, Բելոռուս՝ 1 արծաթ, 3 բրոնզ:

Մրցումների հաջորդ օրը, բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչները այցելել են «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Լևոն Հայրապետյանի հիշատակին, ապա նույն մարզասրահում տեղի է ունեցել ուսումնամարզական հավաք: