ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին:
Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, կներկայացվի նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Ծրագրի նպատակը հայ գրականությունը մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է:
Հայկական տաղավարի պատասխանատուներն են` ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության փորձագետ Տաթևիկ Սուքիասյանը և «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի Գրականության հանրահռչակման բաժնի պետ Հասմիկ Խեչիկյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղեկավարած պատվիրակության հետ Մոսկվա կմեկնեն «Էդիթ պրինտ» և «Հայագիտակ» հրատարակչությունները: Փառատոնին կմիանան նաև Մոսկվայի հայկական հրատարակչություններ:
Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված գրքերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կնվիրի Մոսկվայում ՀՀ դեսպանության գրադարանին: