ՓՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ վերանայվում են Հանրակրթության պետական չափորոշիչը և առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը: Գործընթացի մասին մանրամասներ հաղորդելու նպատակով այսօր նախարարությունում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի և աշխատանքային խմբերում ընդգրկված փորձագիտական խմբի ներկայացուցիչների (Գագիկ Մելիքյան, Արտաշես Թորոսյան, Աննա Բաբաջանյան և Սարգիս Հայոցյան) անդրանիկ հանդիպումն էր լրագրողների հետ:
Նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի խոսքով` առաջին հերթին, ամրագրել են, թե ուսումնառության վերջնարդյունքում 12-րդ դասարանն ավարտող երեխան ինչ գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ պետք է ունենա: Ուսումնասիրվել են Ֆինլանդիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Սինգապուրի համակարգերը, և եկել են եզրակացության, որ անգամ ամենահաջողված փորձն ուղղակի տեղայնացնելը ցանկալի արդյունքը չի տա, քանի որ մեր երկիրն ունի սովորելու ուրույն մշակույթ: «Բոլոր նախադրյալներն ունենք այս գործում հաջողելու համար»,-արձանագրել է նախարարի տեղակալ Անափիոսյանը:
Տեղեկացնենք, որ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է, որ վերանայման գործընթացը կներառի հետևյալ ուսումնական բնագավառները՝ հայոց լեզու, գրականություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն), օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն), արվեստ (երաժշտություն, կերպարվեստ), ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ):
Ծրագրով նախատեսվում է նաև վերապատրաստման մոդուլների մշակում, ձևավորված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկում դպրոցում, վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում, սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար:
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում էլ վերանայվում են նաև STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) չափորոշիչները: Արդյունքում կփոփոխվեն պետական հանրակրթական դպրոցներում (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (STEM) առարկայական ծրագրերը, 5-12 դասարանների դասվանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը, ինչպես նաև կներդրվեն առարկաների դասավանդման նոր և ժամանակակից մոտեցումներ։ Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են՝ Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։
Ծրագրերի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են փորձագիտական թիմեր, որոնցում ներգրավված է 15 փորձագետ, ինչպես նաև ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ զբաղվող և այլ ոլորտերի միջազգային հեղինակավոր փորձագետներ:
Փորձագետ Գագիկ Մելիքյանը նշել է, որ չափորոշիչները վերջին անգամ վերանայվել են 15 տարի առաջ և, բնականաբար, այսօր խնդիրները շատ են: Նպատակ է դրված միջին դպրոցում կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը: Նրա խոսքով՝ ավելի շատ ազատություն կտրվի դպրոցներին, ուսումնական պլաններն առավել ճկուն կլինեն, առարկաները՝ ինտեգրված, առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի հայագիտությանը:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ վերանայված չափորոշիչները փորձնական կկիրառվեն 2020 թվականից Շիրակի կամ Տավուշի մարզերում: Արձանագրելով, որ ուսուցչական համայնքը լինելու է փոփոխությունների կրողը, նա հույս է հայտնել, որ համապատասխան ֆինանսավորում գտնելու պարագայում 2023 թվականին բոլոր մանկավարժներն արդեն վերապատրաստված կլինեն: