Ավարտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի «Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման ցուցանիշների մշակման Տեխնիկական համագործակցության խմբի» (TCG) հերթական՝ 6-րդ հանդիպումը, որին մասնակցել է աշխատանքային խմբի անդամ և դիտորդ պետությունների ու կազմակերպությունների շուրջ 80 ներկայացուցիչ: Հանդիպումը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի (UIS) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (UNICEF-Armenia) հետ համագործակցությամբ:
TCG 6-րդ հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչության ղեկավար Տանյա Ռադոչայը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի տնօրեն Սիլվիա Մոնտոյան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթություն 2030 օրակարգի աջակցության և համակարգման բաժնի ղեկավար Ջորդան Նայիդուն:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նախորդ 2 օրերին Երևանում կայացած Ուսուցման մշտադիտարկման գլոբալ ալյանսի (GAML) 6-րդ հանդիպման քննարկումների արդյունքներին (նվազագույն գրագիտության, բենչմարքինգի գործիքներ, սովորողների միջազգային, տարածաշրջանային և ազգային գնահատումներ, թվային գրագիտություն, ուսուցիչների որակավորում), ուղենշվել են TCG-ի հետագա աշխատանքները, քննարկվել ցուցանիշների մեթոդաբանությունների լրամշակման, տվյալների հավաքագրման, նոր ցուցանիշների մշակման հետ կապված խնդիրները:
Աշխատանքային խմբի թիրախային ուղղություններից է կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտումն ու նրանց ներառումը կրթական համակարգ: Ներկայում աշխարհում 262 միլիոն 6-17 տարեկան երեխաներ և երիտասարդներ (կամ նշված տարիքային խմբի 18%-ը) ներառված չեն կրթության որևէ մակարդակում: Հաշվի առնելով ներկայիս միտումները՝ 2030 թվականին կրթությունից դուրս մնացած երեխաների և երիտասարդների թիվը կնվազի մինչև 225 միլիոն (կամ 14%):
Նախատեսվում է հաստատել նաև 2020 թվականին հրապարակվելիք միջազգայնորեն համադրելի ցուցանիշների ցանկը:
«Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման Կրթություն 2030 գործողությունների շրջանակ»-ում UIS-ը հանդես է գալիս որպես միջազգայնորեն համադրելի ցուցանիշների տրամադրման պաշտոնական աղբյուր: TCG-ն ձևավորվել է UIS-ի կողմից՝ «Կրթություն 2030 օրակարգ»-ի մոնիթորինգի համար անհրաժեշտ միջազգայնորեն համադրելի ցուցանիշների մշակման, հավաքագրման և քննարկումների կազմակերպման նպատակով:
TCG-ի կազմում ներառված է 27 անդամ-պետություն և 8 անդամ-կազմակերպություն (ներառյալ՝ ներկայացուցչություններ բոլոր տարածաշրջաններից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, միջազգային կազմակերպություններ /OECD, UNICEF, World Bank, UNESCO/), ինչպես նաև դիտորդ երկրներ և կազմակերպություններ:
Հայաստանը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարության, խմբում հանդես է գալիս որպես անդամ-երկիր՝ միաժամանակ հանդիսանալով նաև տարածաշրջանը ներկայացնող երկիր: Հատկանշական է, որ աշխատանքային խմբի նախորդ հանդիպումները կայացել են Վաշինգտոն, Մադրիդ, Մոնտրեալ, Դուբայ, Մեխիկո, քաղաքներում, և 2019 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի առաջարկությամբ հյուրընկալող քաղաք է ընտրվել Երևանը: