Մատենադարանում այսօր տեղի է ունեցել աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված 54 երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հիմնադրամի կրթաթոշակառուները:

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նշել է, որ հպարտ է աշխարհի առաջատար բուհեր ընդունված երիտասարդներով՝ հիշեցնելով, թե ինչպես է «Իմ քայլը» հիմնադրամը ներգրավվել այս գործում.

«Հեղափոխությունից հետո «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ էր տրամադրում աշխարհի տարբեր բուհեր ընդունված հայ ուսանողներին, կասեցրեց գործունեությունը: «Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվեց՝ այդ բացը լրացնելու համար: Անցյալ տարի շատ արագ և ճգնաժամային իրավիճակում կարողացանք ընդունված ուսանողներին ապահովել կրթաթոշակով»,- նշել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ պետությունը սպասում է բոլոր ոլորտներում սովորող ուսանողների վերադարձին հայրենիք այն հույսով, որ վերջիններս իրենց գիտելիքները կօգտագործեն՝ զարգացնելու Հայաստանը:

Ողջունելով կրթաթոշակառուներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ սա կարևոր օր է, քանի որ ուսանողները հնարավորություն ունեն մի նոր էջ բացել իրենց կյանքում, որտեղ ստանալու են նոր գիտելիքներ և հմտություններ.

«Լավ է, որ կան նման հիմնադրամներ, որոնք աջակցում են առաջին հերթին մեր երիտասարդներին և երկրորդ հերթին՝ պետությանը, որովհետև բարեփոխումների այս փուլում մեզ անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, որոնք կունենան ստեղծագործելու, վերլուծելու հմտություններ, կունենան նոր գիտելիք և նորարարության ոլորտում հաջողություններ: Սա կարևոր է Հայաստանի Հանրապետության համար: Պետությունը, իր հերթին, որոշակի ջանքեր գործադրում է, բայց մեր գործընկերները նույնպես օգնում են այս ճանապարհին»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ հետագայում կքննարկվի ծրագիրն ընդլայնելու հնարավորությունը.

«Դուք սովորելու ենք այնպիսի երկրների լավագույն բուհերում, որտեղ կան կրթական լուրջ ավանդույթներ, և ցանկանում եմ, որ դուք դառնաք նոր գիտելիքների, նորարարության ներկրողը Հայաստանում: Գիտելիքն այնպիսի արտադրանք է, որն անհրաժեշտ է անընդհատ ներկրել, և առաջիկա տասնամյակում մենք դրա կարիքը շատ ենք ունենալու: Իհարկե, որոշ կրթական բրենդեր նաև սկսել ենք արտահանել՝ միայն գիտելիք ներմուծող երկրից դառնալով գիտելիք արտահանող»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ 90 դիմորդներից ընտրվել են 54-ը՝ 27 տղա և 27 աղջիկ: Վերջիններս ընդունվել են 8 երկրների բուհեր. Մեծ Բրիտանիա՝ 25 ուսհաստատություն, ԱՄՆ՝ 20, Իտալիա՝ 3, Կանադա 2, Շվեյցարիա, Սինգապուր, Ֆրանսիա, Ավստրալիա՝ 1: 23 հոգի ստացել է բակալավրի կրթաթոշակ, 30-ը՝ մագիստրոսի և 1-ը՝ ասպիրանտի: 38 կրթաթոշակառու Երևանից, 11-ը՝ ՀՀ մարզերից: Հայաստանից դուրս դիմել է 5 հոգի: Ծրագրի պայմաններից մեկն է՝ ՀՀ վերադառնալը և առնվազն երեք տարի աշխատել և ապրելն այստեղ: 2018 թվականի համեմատ կրկնապատկվել է կրթաթոշակների քանակը: Նախորդ տարի այդ նպատակով տրամադրվել է 517 հազար ԱՄՆ դոլար, այս տարի՝ ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար: