ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «ԱրմենիաՍեիՍփեյն» մշակութային ասոցիացիայի ու «Վարք Հայոց» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով հուլիսի 31-ից օգոստոսի 19-ը «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը մասնակցել է Ռումինիայի Հանրապետության Պիատրա Նեամց և Կալարաշի, ինչպես նաև Սերբիայի Հանրապետության Պիրոտ քաղաքներում իրականացվող միջազգային ֆոլկլորային փառատոներին: Փառատոներին մասնակցել են շուրջ 16 երկրի ֆոլկլորային խմբեր:

Համերգային ծրագրերը մեկնարկել են մասնակից խմբերի քայլերթերով և առանձին ելույթներով: Հայկական ավանդական երգ ու պարեր, տոների և ավանդական հարսանիքի բեմականացումներ ներկայացվել են ոչ միայն նշված քաղաքներում, այլև դրանց հարակից համայնքներում:

«Վարք Հայոց» խմբի ելույթներն արժանացել են կազմակերպիչների և հանդիսականների բարձր գնահատականին և դիպլոմներին։ Այս փառատոներին խմբի մասնակցությունը նշանավորվում է միջազգային մշակութային հարթակներում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարածման և հանրահռչակման, ինչպես նաև խմբի ստեղծագործական գործունեության հետագա խթանման առումով:

«Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հիմնադրվել է 2013 թ.՝ հայկական մշակույթը պահպանելու, տարածելու և հետագա սերունդներին փոխանցելու գաղափարներով լեցուն մի խումբ երիտասարդների կողմից: Հիմնադրման առաջին իսկ օրից խումբն իր առջև խնդիր է դրել պահպանել ու զարգացնել ավանդական երգն ու պարը, վարքն ու բարքը, մոռացված ծեսերն ու ավանդույթները: