Յուրի Հարությունյանը ծնվել է 1944 թ. մարտի 25-ին, Կիրովաբադում: 1972 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1967 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես երաժշտական ձևավորող, ապա` երաժշտական խմբագիր: Հեղինակել է ավելի քան 70 ֆիլմերի երաժշտություն. «Մարդն Օլիմպոսից», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Զինվորն ու փիղը», «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում», «Մեր պապերի քայլերգը», «Սիրամարգի ճիչը», «Անիծվածները», «Ձայն բարբառոյ», «Ուրախ ավտոբուս», «Օգոստոս», «Ռեքվիեմ», «Խենթ հրեշտակը», «Հերոստրատ», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլն: Գրել է նաև մի քանի վավերագրական ֆիլմերի երաժշտություն, որոնց թվում` «Հայկական ՍՍՀ», «Հայաստանն այսօր», «Կերամիկայի վարպետները», «Ինչպես է կոփվում արծաթը»: 2004-2013 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղարը: 2012 թ. Յուրի Հարությունյանն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Նույն թվականին արժանացել է նաև «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին:
Յուրի Հարությունյանը բացառիկ մտավորական էր, սեփական մշակույթի նվիրյալ, ով ուներ առանձնահատուկ ձեռագիր և անջնջելի հետք է թողել հայ երաժշտարվեստում:
Յուրի Հարությունյանի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասեր հասարակության սրտերում: