1. Ովքե՞ր և ե՞րբ կարող են անվճար այցելել թանգարաններ:
Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11․04․2023 թ․ N 492-Ա/2 հրամանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններ մշտական ցուցադրության անվճար այցելության արտոնություն է սահմանված հետևյալ խմբերի համար՝
- Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամների,
- Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների,
- Թանգարանների միջազգային խորհրդի անդամների (ԻԿՕՄ) համար,
- թանգարանային աշխատողների,
- երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների,
- հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի,
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների (Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ պետությունների),
- հաշմանդամություն ունեցող՝ 1-ին խմբի (ուղեկցողի հետ), հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի (առանց ուղեկցողի),
- աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների,
- բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաների,
- ժամկետային զինծառայողների,
- Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաների (նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա),
- լրագրողների` աշխատանքային բոլոր օրերին (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում)։
Նույն հրամանով սահմանված է նաև, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը թանգարանների մուտքն ազատ է:
2. Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման ի՞նչ կարգ է գործում Հայաստանի Հանրապետությունում:
Մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունն իրականացնում է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Փորձաքննության շահառուներ են հանդիսանում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ պետական մարմինները։ Փորձաքննությունն իրականացվում է ներկայացված դիմումի կամ հանձնարարության հիման վրա: Ֆիզիկական անձանց դեպքում, գործընթացի սկիզբ է համարվում վերջիններիս կողմից կենտրոնի հայտագրման բաժին դիմում ներկայացնելը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գրության հրամանի, հանձնարարության, որոշման և փորձաքննության ենթակա իրի կամ իրերի և դրանց լուսանկարների տրամադրումը: Փորձաքննության առավելագույն ժամկետ է համարվում 15 օրը՝ բացառությամբ կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով երկարաձգելու դեպքերի: Կենտրոնը փորձաքննությունն իրականացնում է 28 ոլորտներում։ Փորձաքննության արդյունքում հայտատուին տրամադրվում է համապատասխան փորձագիտական եզրակացություն: Փորձաքննության դիմաց հայտատուն կատարում է վճարներ՝ «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության, ինչպես նաև իրականացվող այլ ծառայությունների վճարների գանձման մասին» կարգին համապատասխան:
3. Ի՞նչ կարգով են արտահանվում մշակութային արժեքներն ու մշակութային նշանակության առարկաները Հայաստանի Հանրապետությունից:
«Համաձայն ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի ՀՀ տարածքից յուրաքանչյուր ոք կարող է արտահանել կամ ժամանակավոր արտահանել իր սեփականությունը համարվող մշակութային արժեքները՝ միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա, որի համար գանձվում է պետական տուրք (հաստատագրված 5000 դրամ՝ անկախ արժեքների քանակից): Պետական սեփականություն համարվող մշակութային արժեքները ՀՀ օրենսդրության համաձայն թույլատրվում է արտահանել միայն ժամանակավորապես` ցուցահանդեսներ կազմակերպելու, վերականգնման աշխատանքներ և գիտական հետազոտություններ կատարելու, թատերական և համերգային գործունեություն իրականացնելու նպատակով:
ՀՀ-ից 50 տարուց ավելի վաղեմության մշակութային արժեքներ արտահանելու համար անհրաժեշտ է նախ դրանք ներկայացնել մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության, որից հետո արտահանողի անձնագրի պատճենի, այդ փորձագիտական եզրակացությունների և վերջիններիս կից 3 օրինակ լուսանկարների հիման վրա նախարարության կողմից կկատարվեն արտահանման ձևակերպումներ: Մինչև 50 տարվա վաղեմության առարկաների (բացառությամբ ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 401-Ա որոշմամբ հաստատված վերջին 50 տարում մահացած հեղինակների), արտահանումն իրականացվում է պարզեցված կարգով. եթե այդ առարկաները թվագիր են և առկա է հեղինակի ստորագրությունը, ապա կարելի է արտահանել առանց գործակալության թույլտվության՝ անմիջապես մաքսակետերից: Սակայն քաղաքացու ցանկությամբ, գործակալությունը կարող է կատարել արտահանման թույլտվության ձևակերպում, եթե ներկայացվում է արտահանվող առարկան և դրա 3 օրինակ գունավոր, 10*15 չափսի լուսանկարը: Մշակութային նշանակության առարկաների թույլտվությունը տրվում է վավերացված լուսանկարի միջոցով (հայերեն, ռուսերեն և անգլերեն) և այդ ծառայությունն անվճար է: Մինչև 50 տարի վաղեմության առարկաները, եթե արտահանվում են փոստային առաքմամբ կամ ցամաքային տարանցիկ ճանապարհով, ապա նախարարության կողմից տրված թույլտվությունը պարտադիր է:
Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տրամադրվում է յուրաքանչյուր այն մշակութային արժեքի համար, ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր), որի համար կիրառվում է արտահանման սահմանափակում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման 2․20-րդ բաժնի համաձայն:
4. Ի՞նչ կարգով է իրականացվում մշակութային արժեքների ներմուծումը:
Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 1-ի N 827-Ն որոշման պահանջների համաձայն: Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս հայտատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները (3 օրինակ): Մաքսային մարմնում համապատասխան ընթացակարգով ձևակերպվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:
ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի N 1462-Ն որոշման ու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի հուլիսի 10-ի N 889-Լ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հունիսի 30-ի N 24-Լ համատեղ հրամանի համաձայն՝ իրականացվում է Ֆիզիկական անձանց կողմից առանց ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման (մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ) անձնական օգտագործման մշակութային արժեքների ներմուծումը։