Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող էրիկը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի 8-րդ դասարանի սան է:

Էրիկը սիրում է առավոտյան կանգնել դպրոցի մուտքի մոտ. երբ ներս են մտնում հատկապես տարեց ուսուցիչները, Էրիկն առաջինն է օգնության ձեռք մեկնում նրանց: Նա միշտ օգնում է տեղափոխել նաև դասընկերուհիների ծանր պայուսակը:

Դպրոցի մասնագետները նշում են, որ ամենամեծ հաջողության պատմությունն այն է, երբ երեխան դուրս է գալիս ներառումից: Իսկ այդպիսի երեխաներ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում շատ են:

Էրիկի դասընկեր Հովսեփը հիանալի տիրապետում է առաջին օգնություն ցույց տալու բոլոր կանոններին: «Մենք ընկերներով գիտենք՝ ինչպես օգնել, օրինակ, գետնին ընկած երեխային և շտապ բժիշկ կանչել: Մենք բազմիցս օգնել ենք մեր դպրոցում սովորող հենաշարժական խնդիրներ ունեցող աշակերտներին: Իրենց օգնելով՝ մենք ձեռք ենք բերում նոր ընկերներ, իսկ նրանք վստահ են լինում, որ մենք միշտ իրենց կողքին ենք և դժվար պահին պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել: Բացի այդ, նրանք ևս մեզ օգնում են ու, առհասարակ, մեզ մոտ ամեն ինչ հավասար է»,-ասում է Հովսեփը:

«Ինձ շատ է դուր գալիս սովորել. ամենից շատ սիրում եմ «Գրականություն» առարկան»,-ասում է էրիկը՝ արտասանելով Հովհ. Թումանյանի «Փարվանա» ստեղծագործությունը: էրիկին շատ է դուր եկել նաև «Տիտանիկի» պատմությունը. նա հաճախակի պատմում է այն՝ րոպե առ րոպե վերհիշելով նավի կործանման պատմությունը: էրիկը նաև հրաշալի նկարում է, անգամ ցուցահանդեսների է մասնակցել:

Էրիկի հետ աշխատող լոգոպեդը պատմում է, որ նրան ճանաչում է 3.5 տարեկանից: «Էրիկը ժամանակին ունեցել է որոշակի վարքային խնդիրներ, կարիքներ, որոնք պայմանավորված էին նաև ուշադրության անկումով: Ահռելի աշխատանք է տարվել դպրոցում, որը չէինք կարող հաջողել առանց մայրիկի հետ համագործակցության, ում գործոնը շատ ենք կարևորում: Էրիկի մայրը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի իր տղան լիարժեք ներառվի: Առհասարակ, այս աշխատանքում կարևոր է թիմային ոգին և համագործակցությունը՝ հասարակություն, տնօրեն, ուսուցիչ, հոգեբան, մասնագետ, ծնող, երեխա, դասընկերներ: Իրականում շատ հուզված եմ և անչափ երջանիկ. նոր եմ միայն զգում՝ ինչքան բան է փոխվել այս երեխաների մեջ՝ խոսքը, օտար լեզուների իմացությունը, հարցի ընկալումը, պատասխանը: Բոլորս մի ամբողջ կյանք են ներդրել այս գործում, որպեսզի երեխաներին միայն լավ լինի»,-ասում է դպրոցի լոգոպեդ Նաիրա Մխիթարյանը:

Տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասում է, որ 2007 թվականից դպրոցում իրականացվում է ներառական կրթություն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Նրա խոսքով՝ դպրոցում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի բոլոր 83 երեխաները ստանան իրենց կարիքներին և պահանջներին համապատասխան կրթություն՝ ըստ անհատական ուսուցման պլանի: «Մեր դպրոցը ներառական փոքրիկ հասարակություն է, որտեղ բոլորն իրենց լավ ու հանգիստ են զգում, հավասար են: Ցանկացած անձ ունի ներառման կարիք. պարտադիր չէ, որ նա հատուկ կարիք ունենա: Կարևոր է հասկանալ՝ ինչպես լուծել այդ մարդու սոցիալիզացիայի խնդիրը և նրան բերել դեպի հասարակություն»,-ասում է Անահիտ Խոսրովյանը:

«Տարրական դպրոցում Էրիկը որոշ խնդիրներ ուներ՝ սոցիալիզացիայի հետ կապված, որոնք արդեն միջին դպրոցում հաղթահարվեցին: Էրիկի, նրա հետ աշխատող բազմամասնագիտական թիմի և ուսուցչական անձնակազմի հաջողությունը մեծապես պայմանավորված է նաև նրա սրտացավ, հոգատար և մասնագետների կարծիքը միշտ հաշվի առնող մայրիկի՝ տիկին Նազելիի հետ: Էրիկը որսում է իմ գրեթե բոլոր բառերը և ըստ դրա՝ լրացուցիչ նյութերի պաշարով գալիս դպրոց: Նրա այդ ձգտումը միշտ զարմացրել և ուրախացրել է ինձ: Եթե ընկեր Ասատրյանի տեղը չեն իմանում, հանգիստ կարող են այդ մասին էրիկին հարցնել. նա միշտ գիտի ես որտեղ եմ և որ պահին կհայտնվեմ դասարանում: Այլ խոսքով՝ Էրիկն ինձ համար մի լուսավոր կետ է, որին ես միշտ պետք եմ: Էրիկի մեկ այլ հատկանիշի մասին. նա սիրում է կանգնել դպրոցի մուտքի մոտ և հատկապես երբ ներս են մտնում տարեց ուսուցիչները, Էրիկն առաջինն է օգնության ձեռք մեկնում: Սա ևս ես համարում եմ մեր թիմի և Էրիկի ծնողներիի համատեղ աշխատանքի արդյունքը: Եվ ամենաուրախալին այն է, որ նրա վարքը կարծես վարակիչ է այլ աշակերների համար»,-ասում է Էրիկի դասղեկը՝ Օֆելիա Ասատրյանը: