Այս տարի պետական միջոցներով 4680 երեխայի համար 6 ճամբարներում երեք հերթափոխով, 20-ական օրով ամառային հանգիստ է կազմակերպվում: Ճամբարները պետական ծրագրում ընդգրկվել են մրցույթի արդյունքում:

Ամառային հանգստի պետական ծրագրում ընդգրկված են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհա­զորայինների, ծնողազուրկ ու անապահով բազ­մա­զավակ ընտանիք­ների դպրոցահասակ երեխաներ:

«Լուսաբաց» ճամբար

«Լուսաբաց» ճամբարում հանգստանում են երեխաներ Սյունիքից, Լոռուց, Տավուշից, Արցախից, Երևանի Աջափնյակ և Նուբարաշեն վարչական շրջաններից: Առաջին հերթափոխով հանգստացող երեխաները ճամբարին հրաժեշտ են տվել հուլիսի 8-ին, այժմ ճամբարում երկրորդ հերթափոխի հանգստացողներն են: Երկրորդ հերթափոխի ավարտը նախատեսված է հուլիսի 27-ին: Յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ ճամբարն ընդունում է 320 երեխայի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ճամբարներ կատարած այցի ժամանակ արձանագրել էր թերություններ, որոնք արագ վերացվել էին: Նախարարը նույն ճամբար կատարած երկրորդ շրջայցի ժամանակ համոզվել էր դրանում:

Այժմ ճամբարում երրորդ հերթափոխի երեխաներեն հանգստանում` եկել են հուլիսի 27-ին, հրաժեշտի խարույկը վառելու են օգոստոսի 14-ին, քանի որ հերթափոխն ավարտվում է օգոստոսի 15-ին:

Ճամբարային կյանքն ու առօրյան ուսումնական գործընթացի շարունակությունն է. պայմանական « 5-րդ քառորդը»:

Այստեղ օրը հագեցած է. ամենօրյա վարժանք, պարեր, արշավներ, խարույկ, ձեռնամարտի, կավճանկարի, շախմատի մրցաշար, բազմաթիվ այլ խաղեր:

Ճամբարը շատերի կյանքում հասուն և ինքնուրույն պատանի դառնալու առաջին միջավայրն է, նրանք ձեռք են բերում լավ ընկերներ` ամբողջ կյանքի համար, ինչու ոչ` նաև սիրահարվում:

Ավագ ջոկատավարը` Նարե Ծատուրյանն ասում է, որ ճամբար եկողն իր հետ պետք է ունենա` սպորտային հագուստ և կոշիկներ, անձնական հիգիենայի պարագաներ, վերնաշապիկ, տաք հագուստ, կոշիկներ, գուլպաներ և տոնական զգեստ` ճամբարային հանդեսի համար:

Ջոկատավարների թիմն է` մեծ մասամբ երիտասարդներ. նրանց հետ երեխաները «ընկեր» դիմելաձևով են խոսում: Նրանք 24 ժամ երեխաների հետ են` գիտեն նրանց մոտիկից. և’ ընկերոջ, և’ ուսուցչի պես:

Նոնա Գալստյանն է` Արցախի Քաշաթաղի շրջանի ջոկատավարն է. Բերձորի թիվ 1 դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդում: «Ինքս 90-ականներին 5 տարի շարունակ հանգստացել եմ նույն ճամբարում և հիմա այստեղ որպես ջոկատավար աշխատելը կրկանկի հաճելի է: Աշխատում եմ սիրով»,- ասում է նա:

Թամարան Արցախից է` Բերձորից, սովորում է 8-րդ դասարանում: Ճամբար առաջին անգամ է եկել և ինչպես ինքն է ասում, չի ուզում տուն գնալ` այստեղ ավելի լավ է, օրը հետաքրքիր է անցնում. «Ճամբարային կյանքից ամենաշատը սիրում եմ տաղավարային ժամերը»,- ասում է նա: