Ֆրիդրիխ Սողոյանը ծնվել է 1936 թ. հոկտեմբերի 2-ին, Լենինականում։ 1961 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով: Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի (1970 թ., Երևան), Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում` Արևելքի մեծ իմաստասերների (1970 թ.) արձանները, Հայրենական պատերազմում (1941-45 թթ.) զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ` ՀՀ-ում, Արցախում, Սամարղանդում և այլուր:
Ֆ. Սողոյանի աշխատանքներից են` «Նկարչուհին» (1965 թ.), «Արթիկցի քարհատ բանվոր» (1970 թ.), «Կնոջ դիմաքանդակը» (1971 թ.), «Արարողը» (1969 թ.,), «Արևածագ» (1970 թ.), «Մայր երկիր» («Հայաստան», 1991 թ., բրոնզ, Վաշինգտոն), Մոսկվայի 850-ամյակին նվիրված գրանիտե հուշարձանը` «Խաչ միացյալ» («Դարերում օրհնյալ է», 1997 թ., Մոսկվա), «Միացյալ խաչ» հուշարձանը (2013 թ., գրանիտ, Երևան):

1984 թ. Ֆրիդրիխ Սողոյանը պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: 2004 թ. արժանացել է Ռուսաստանի ժողովրդական նկարչի, 2011 թ.` Ուկրաինայի ժողովրդական նկարչի, 2017 թ.՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումներին:

Ֆրիդրիխ Սողոյանը բացառիկ մտավորական էր, սեփական մշակույթի նվիրյալ, ով ուներ առանձնահատուկ ձեռագիր և անջնջելի հետք է թողել հայ կերպարվեստում:

Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասեր հասարակության սրտերում: