Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանն Աղվերանում հանդիպել են Մեդիագրագիտության ամառային դպրոցի ծրագրի մասնակից ուսուցիչներին։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված ծրագրում ընդգրկված էին 30 ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերի քաղաքային և գյուղական դպրոցներից։ Նախարարի տեղեկալն իր խոսքում ընդգծել է մեդիագրագիտության կարևորությունը վաղվա քաղաքացու ձևավորման հարցում՝ նշելով, որ մեծահասակներն այդ գործում օրինակ պետք է ծառայեն երեխաների համար։

Ամառային դպրոցի հիմնական դասընթացավարը Մոսկվայի «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Մեդիագրագիտության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Աննա Կաչկաևան է եղել, որը տեղացի մասնագետների հետ ուսուցիչներին ներկայացրել է մեդիայի և տեղեկությունների դաշտը, նորությունները հասկանալու, վերլուծելու և ստուգելու հմտությունները, քննարկել լրատվության ազդեցությունը ամենօրյա կյանքի վրա և դրան աձագանքելու մեխանիզմները: