Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու), Թանգարանային կրթության կենտրոնի նախաձեռնությամբ և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հովանավորությամբ` ս. թ. հուլիսի 27-ին, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կներկայացնի «Գողացված «Վռուբելի» վերադարձը» մեկ նկարի շրջիկ ցուցահանդես - կրթական ծրագրերի շարքը:
Ծրագրի նպատակն է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի մեկ թանգարանային առարկայի` Մ. Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործության միջոցով մասնակիցներին փոխանցել գիտելիքներ 19-20-րդ դարերի գրականության, պատմության, մշակույթի, կերպարվեստի վերաբերյալ: Ֆիլմի, դասախոսության, «AR–հավելված իրականության» և անիմացիոն ֆիլմի միջոցով ծանոթացնել ստեղծագործության գրական-մշակութային արժեքին, հմտություններ հաղորդել նկարի տեխնիկա համարվող գրաֆիկայի տեսակների (մասնավորապես՝ լինոփորագրության) վերաբերյալ։
«Գողացված «Վռուբելի» վերադարձը» ծրագիրը, որպես լավագույն թանգարանային մարքեթինգի նախադեպ, փորձի փոխանակման միջոցով կներկայացվի հյուրընկալող թանգարանի աշխատակիցներին` զարգացնելով միջթանգարանային համագործակցությունը։