«Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ՀՀ դպրոցներում մատուցվող սննդի բաղադրատոմսերով գիրքն արժանացել է «Gourmand Awards» միջազգային մրցանակի:


Բաղադրատոմսերի գիրքը մշակվել է ՀՀ կառավարության, Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության «Ճյուղային սննդի ինստիտուտի դպրոցների», համայնքների և դպրոցների համատեղ ջանքերով: Բաղադրատոմսերի գիրք ունենալու նպատակն է Հայաստանի մարզերում տարրական դասարանի մոտ 100,000 աշակերտներին տրամադրել առողջ, սննդարար և բազմազան սնունդ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում` միևնույն ժամանակ օգտագործելով տեղական և ավանդական ճաշացանկի բաղադրիչներ:


Մրցանակաբաշխությունն անցկացվել է Չինաստանում կազմակերպված Մակաոյի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում: Համաշխարհային հռչակ վայելող խոհարարների հետ միասին Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի աշխատակիցները, մի քանի օր շարունակ օգտվելով դպրոցական սննդի բաղադրատոմսերի գրքից, նախաճաշ են պատրաստել ցուցադրական խոհանոց-տաղավարում` օգտագործելով միջազգային լսարանի իրազեկվածության մակարդակը բարձրացնելու հնարավորությունը: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթության որակի բարելավման, առողջ ապրելակերպի և սնուցման խթանման, սոցիալական պաշտպանության և տեղական տնտեսությունների զարգացման ոլորտներում «Դպրոցական սնունդ» ծրագրի կարևոր ազդեցությանը: