Ս. թ. հուլիսի 18-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ ներկայացվող հայտադիմումների նախնական ընտրությանը նվիրված քննարկումը:
Նիստին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Նարինե Խաչատուրյանը, Արայիկ Խզմալյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի պետ Լենա Թերզիկյանը, ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան հասարակական կազմակերպության փոխնախագահ Ռուբեն Բաբայանը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս, դոցենտ Վարդան Ազատյանը:
ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի քննարկման ընթացքում հաշվի են առնվել «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի դրույթներին և Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի որդեգրած քաղաքականությանն ու նպատակներին համապատասխանությունը: Կարևորվել է նաև ներկայացվող ծրագրերի շարունակականության, թիրախային խմբերի ներգրավվածության, հաշվետվողականության և թափանցիկության ապահովումը, ինչպես նաև մշակութային արտադրանքի ստեղծումը:
Արդյունքում, մասնակիցները առաջարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովին՝ հիմնադրամ ներկայացնել «Միհր» ստեղծագործողների միություն» հասարակական կազմակերպության՝ «Մենք նշանակություն ունենք» և «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» հասարակական կազմակերպության ներկայացրած «Միջազգային մշակութային ճամբարում» ծրագրերը: