Սև, խոշոր աչքերով Տիգրանի պատմությունը սիրո և գույների մասին է, ընտանիքից դեպի դպրոց և մեծ հասարակություն դժվարին, բայց նաև հաստատուն ճանապարհի և դրա կարևորությունն արժևորելու մասին է: Մեր հերոսը կրթության առանձնահատուկ կարիքով Տիգրան Գասպարյանն է` սովորում է Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցում: Փոխադրվում է 2-րդ դասարան:
Գայանեն` Տիգրանի մայրը, կյանքի առաջին տարիներից համակերպվել է, որ նրա միակ օգնականն ինքն է: Ունի բարձագույն կրթություն, բայց չի աշխատում. երեք երեխաներից ավագը Տիգրանն է: Գայանեն հիշում է, որ երբ երեք տարեկանում հաստատվեց աուտիզմի սիմպտոմատիկան, առաջին զգացողությունը, որ կար խուճապն էր: Առաջին շրջանում այցելել են մանկական հոգեբանի, հետո եղել տարբեր կենտրոններում, գնացել անհատական պարապմունքների. «Երեք տարեկանում տղայիս մանկապարտեզ տարա` ներառական մանկապարտեզ էր: Բայց վեց ամիս հետո որոշեցի էլ չտանել մանակապարտեզ, որովհետև հասկացա, որ նրա նկատմամբ ինձ համար անընդունելի խղճահարություն կա: Դպրոցի ընտրության ժամանակ հետարքրվեցի ու գտա այս դպրոցը: Հիմա հաստատապես կարող եմ, ասել, որ դասարանում կան այնպիսի երեխաներ, որոնց հետ շփման համար եմ տղայիս այս դպրոց բերում: Դասարանում մի քանի աղջիկներ կան, որոնք Տիգրանիս այնքան հոգատարությամբ են խնամում, որ կարող եմ ասել` առանձին դեպքերում ինձանից էլ ուշադիր են: Եթե դասարանում Տիգրանը ինչ-որ բան թափել է` ասում են` ոչինչ մենք կհավաքենք: Եթե պետք է օգնել, որ գրի` օգնում են, դասերի և մնացածի հետ կապված ամեն հարցում իրենք կան: Եվ գիտեք ինչն է հետաքրքիր` Տիգրանն իրենց լսում է: Ես այնքան շնորհակալ եմ, որ կան այդ երեխաները, շնորհակալ եմ իրենց ծնողներին, դպրոցին ու մանկավարժներին»,- պատմում է Գայանեն:
Գայանեն նաև դեմ է, որ իր երեխայի հաշվին որոշ մարդիկ փորձում են հումանիստ դառնալ. «Անընդհատ մտածում եմ` իմ երեխան է ավելի շատ տալիս հասարակությանը, թե հասարակությունը նրան: Երևի դա փոխադարձ պրոցես է: Մարդիկ կան, որ ճիշտ չեն հասկանում և շատ դեպքերում ծնողն ավելի խոցելի է, քան երեխան: Ամենամեծ ցավը միշտ շրջապատի վերաբերմունքն է եղել` հարազատների, բարեկամների, հարևանների, մնացածի, երբ ողբերգական հայացքով նայում էին ինձ և խղճալով մխիթարում: Բայց սա ուրիշ թեմա է` ծնողի տրանսֆորմացիան ավելի լուրջ խնդիր է, որովհետև դու դառնում ես սոցիալական ուրիշ կատեգորիայի մարդ »,- ասում է նա:
Գոհար Ղանդիլյանը Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի հոգեբանն է: Տիգրանի մասին պատմում է, որ շատ է սիրում նկարել` գույները փոխում են նրա տրամադրությունը, ներքնաշխարհը` համոզվել է նրա հետ աշխատելու ընթացքում: Տիգրանի մայրը համոզված է, Գոհարի ձայնի տեմբրը հանգստացնում է Տիգրանին:
Դպրոցի կրթության առանձնահատոկ կարիքներով 34 երեխաներից յուրաքանչյուրի հետ հոգեբան Գոհար Ղանդիլյանը հիմնականում առանձին է աշխատում է` շաբաթական 1-3 անգամ` ելնելով անհատական ուսուցման պլանի պահանջներից:
Տնօրեն Անիչկա Իսկանդարյանն ասում է, որ կաևորը ֆունկցիոնալ գնահատման արդյունքում ձևավորված պահանջներն են. «Այդ պահանջներով է որոշվում, թե հոգեբանը, լոգոպեդը, հատուկ մանկավարժը ինչ գրաֆիկով են աշխատելու երեխաների հետ: Շատ կարևոր է նաև միջավայրի դերը, որովհետև երեխաները սովորում են իրար հետ խաղալ, միասին նկարել…. Եթե օրինակ Տիգրանը դասի չի գալիս, իրենց դասարանցիներին դա անհանգստացնում է, հարցնում են՝ ինչու չի եկել»,- ասում է նա:
Վահան Տերյանի դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով 34 երեխա կա, ընդհանուր սովորողների թիվը 755 է: Ունեն 5 ուսուցչի օգնական, 3 բազմամասնագիտական թիմի անդամ (լոգոպեդ, հոգեբան, հատոկ մանկավարժ):