11 մեդալ Եվրոպական խաղերից և 11 հարց մեր մարզիկներին
Սպորտային մարմնամարզիկ Վահագն Դավթյան. երկրորդ Եվրոպայի խաղերում դարձել է արծաթե մեդալակիր (օղակներ):
- Ո՞րն էր առաջին միտքը, որ ծագեց, երբ հասկացաք՝ մեդալակիր եք:
- Երկրորդ տեղն եմ գրավել: Ուրախ եմ, որ մարդիկ դա նույնպես հաղթանակ են համարում, քանի որ ինձ համար իրոք հաղթանակ է նման մրցույթներում մեդալ նվաճելը` անկախ նրանից, թե ինչ մեդալ է: Մեր սպորտաձևում մարզիկները շատ աննշան տարբերությամբ են իրար զիջում, այդպես եղավ նաև այս անգամ: Իսկ թե ինչ միտք ծագեց այդ ժամանակ, կարող եմ ասել, որ պարզապես բավարարվածություն ես զգում, որ ամիսների կատարած աշխատանքդ տալիս է ցանկալի արդյունքը:
- Ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ բարձրացվեց հայկական եռագույնը:
- Մեր եռագույնի բարձրացումն իրոք մեծ պատիվ է: Ուղղակի հպարտ եմ դրա համար և ամեն անգամ դրանից ավելի պարտավորված եմ զգում:
- Դժվա՞ր է մեդալակիր լինել:
- Մեդալակիր լինելը շատ դժվար է, անկեղծ եմ ասում: Մեզ մոտ մրցակցությունը մեծ է ու շատ լարված: Մրցումների առաջին օրը որակավորումն է, որտեղից 6 կամ 8 (ըստ տվյալ մրցույթի կանոնադրության) լավագույններն անցնում են եզրափակիչ փուլ: Պատկերացրեք, այս մրցույթին 52 պետություն էր մասնակցում: Դու կարող ես անգամ փոքր սխալի դեպքում եզրափակիչ դուրս չգալ: Արդեն եզրափակիչ անցած մարզիկներն ուժեղագույններն են, որոնց մեջ էլ շարունակվում է մեդալի համար պայքարը: Մի խոսքով, շատ դժվար է մեդալ նվաճելը:
- Ամենապատասխանատու պահը Ձեր սպորտային կարիերայում:
- Բոլոր մոտեցումներն էլ ինձ համար պատասխանատու են: Յուրաքանչյուր մրցույթին կատարած վարժությունս պատասխանատու մոտեցում է, հակառակ դեպքում կարող եմ պարտվել կամ վնասվածք ստանալ: Միշտ պետք է պատասխանատու մոտենալ գործին, որպեսզի աշխատանքիդ որակը չտուժի:
- Հաջորդ բարձունքը, որ կցանկանայիք նվաճել:
- Հաջորդ բարձունքը, որ կուզեի նվաճել` հաջորդ մրցույթներս են, այնուհետև դրան հաջորդողը և այդպես շարունակ:
- Կարևորագույն հատկանիշը հաղթելու համար:
- Ինձ համար կարևորագույն հատկանիշը բնավորության լավ որակներ ունենալն է: Ֆիզիկական որակները նույնպես կարևոր են, բայց առանց բնավորության դրանք զրոյի են հավասար: Առաջին հերթին պետք է սիրես այն գործը, որով զբաղվում ես, պետք է անմնացորդ նվիրվես ու անդադար աշխատես ինքդ քեզ վրա:
- Որևէ մեկին նվիրո՞ւմ եք Ձեր հաղթանակը:
- Հաղթանակը նվիրում եմ մորս: Չկա երևի երկրորդ մեկը, ում կարող եմ նշել. սա նրա հաղթանակն է, ոչ թե իմ:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
- Չեմ կարող ասել: Հավանաբար, նպատակներս են ինձ ոգեշնչում:
- Ի՞նչ կցանկանաք ասել պատանի մարզիկներին, որոնք դեռ բարձունքներ նվաճելու ճանապարհին են:
- Պատանի մարզիկներին առաջին հերթին կցանկանամ, որ հեռու լինեն վնասվածքներից: Կուզեմ, որ սիրեն իրենց գործը, խելացի լինեն. այդ դեպքում ամեն ինչ կստացվի:
- Ի՞նչ կցանկանաք ասել մարզասերներին, որոնք այս ընթացքում հետևում էին Ձեր հաղթական ճանապարհին:
- Պարզապես շատ-շատ շնորհակալ եմ: Դա ինձ մեծ ուժ է տալիս:
- Ո՞ւմ կուզեք շնորհակալություն հայտնել այս մեդալի համար:
-Այս ու մնացած բոլոր մեդալներիս համար առաջին հերթին շնորհակալ եմ Աստծուն, հետո մարզիչներիս ու ընկերներիս, ովքեր շատ-շատ են օգնել: Սա մի մեծ թիմի աշխատանք է: Մենակ ոչինչ չես կարող անել: