11 մեդալ Եվրոպական խաղերից և 11 հարց մեր մեդալակիրներին
Սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան. երկրորդ Եվրոպական խաղերում նվաճել է ոսկե մեդալ (հենացատկ):
- Ո՞րն էր առաջին միտքը, որ ծագեց, երբ հասկացաք՝ հաղթել եք:
- Երբ երկրորդ ցատկը կատարելուց հետո քայլ չարեցի` հասկացա, որ հաղթել եմ: Երբ ցատկից հետո քայլ չես անում, անթերի կատարում է համարվում: Մեր մարզաձևում դա շատ կարևոր է:
- Ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ բարձրացվեց հայկական եռագույնը:
- Հպարտ էի, նաև ուրախ, որովհետև սա միայն իմ հաղթանակը չէ: Սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է, որովհետև դրոշը բոլորինս է, և այն բարձրացնելը մեր ազգի պատիվն է:
- Դժվա՞ր է չեմպիոն լինել:
- Յուրաքանչյուր հաղթանակ, չեմպիոնական մեդալ դժվար է նվաճել: Պետք է շատ աշխատել: Այս անգամ բախտն ինձ ժպտաց, ես էլ լավ կատարեցի վարժությունը, լավ էի պատրաստվել, մի խոսքով` ստացվեց:
- Ամենապատասխանատու պահը Ձեր սպորտային կարիերայում:
- Ստուգողական պարապմունքները:
- Հաջորդ բարձունքը, որը կցանկանաք նվաճել:
- Կուզեի աշխարհի չեմպիոն դառնալ այս տարի հոկտեմբերին կայանալիք առաջնությունում: Դրանից հետո` օլիմպիական մեդալ նվաճել:
- Կարևորագույն հատկանիշը՝ չեմպիոն դառնալու ճանապարհին:
- Լավ պարապելը և կենտրոնանալը:
- Ո՞ւմ եք նվիրում Ձեր հաղթանակը:
- Իմ ազգին ու երկրին եմ նվիրում:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
- Իմ բալիկն է ինձ ոգեշնչում, որը ծնվել է երկու ամիս առաջ: Ինքն իր ծնունդով հաջողություն բերեց ինձ:
- Ի՞նչ կցանկանաք ասել պատանի մարզիկներին, որոնք դեռ բարձունքներ նվաճելու ճանապարհին են:
- Պետք է շատ-շատ մարզվել, չարչարվել, մարզչին լսել ու չվախենալ:
- Ի՞նչ կցանկանաք ասել երկրպագուներին, որոնք այս ընթացքում հետևում էին Ձեր հաղթական ճանապարհին:
- Շնորհակալ եմ, որ ինձ հետ էին և երկրպագում էին:
- Ո՞ւմ կուզեք շնորհակալություն հայտնել այս մեդալի համար:
- Իմ մարզչին` Հակոբ Սերոբյանին, որը նաև մեր գլխավոր մարզիչն է: Առանց լավ մարզչի հնարավոր չէ արդյունքի հասնել: Շնորհակալ եմ նաև իմ մարզիկ ընկերներին, որովհետև մրցումների ընթացքում իրար կողքի ենք եղել, միմյանց աջակցել ենք: