11 մեդալ Եվրոպական խաղերից և 11 հարց մեր մարզիկներին

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան. երկրորդ Եվրոպական խաղերում նվաճել է ոսկե մեդալ (49 կգ քաշային կարգ):

- Ո՞րն էր առաջին միտքը, որ ծագեց, երբ հասկացաք` հաղթել եք:

- Զգացի, որ վերջապես երազանքս ու նպատակս կատարվեց, և ինձ համար առաջ եկան նոր երազանքներ, նպատակներ:

- Ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ բարձրացվեց հայկական եռագույնը:

- Աննկարագրելի է, երբ առաջին տեղն ես զբաղեցնում, և մի ամբողջ բազմություն ոտքի է կանգնում, հարգում է քեզ և երկրիդ հիմնը:

- Դժվա՞ր է չեմպիոն լինել:

- Ճիշտ է, դժվար է չեմպիոն լինելը, բայց ավելի դժվար է չեմպիոն մնալը:

- Ամենապատասխանատու պահը Ձեր սպորտային կարիերայում:

- Ինձ թվում է, Եվրոպական խաղերի եզրափակչի մենամարտին տրամադրվելն էր ամենապատասխանատու, նաև` ամենակարևոր իրադարձությունն իմ կյանքում:

- Հաջորդ բարձունքը, որը կցանկանաք նվաճել:

- Հիմա ունենք աշխարհի առաջնություն, որից հետո` 2020 թվականին, Օլիմպիական խաղերն են… Նպատակներս պարզ են և հստակ: Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի հաղթենք: ​

- Կարևորագույն հատկանիշը` չեմպիոն դառնալու ճանապարհին:

- Արդյունքների բարելավում, քրտնաջան աշխատանք և նոր երազանքներ իրականացնելու ձգտում:

- Որևէ մեկին նվիրո՞ւմ եք Ձեր հաղթանակը:

- Հաղթանակս ուզում եմ նվիրել ծնողներիս, մեր զինվորներին, ինչպես նաև մեր հայ ազգին:

- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:

- Առաջ գնալու, հաղթելու ցանկությունը:

- Ի՞նչ կցանկանաք ասել պատանի մարզիկներին, որոնք դեռ բարձունքներ նվաճելու ճանապարհին են:

- Քրտնաջան պարապել, երբեք կանգ չառնել. եթե կա բարձունք, ուրեմն կա ճանապարհ` այդ բարձունքին հասնելու:

- Ի՞նչ կցանկանաք ասել մարզասերներին, որոնք այս ընթացքում հետևում էին Ձեր հաղթական ճանապարհին:

- Զինվել համբերությամբ և սպասել նորանոր հաղթանակների: ​

- Ո՞ւմ կցանկանաք շնորհակալություն հայտնել այս մեդալի համար:

- Իհարկե, իմ անձնական մարզիչներին` Ռուդիկ Մկրտչյանին և Կարեն Ղազարյանին, ովքեր մեծ ներդրում ունեն իմ հաղթանակի մեջ: