ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակի և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ օրերս իրականացրել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «ՄԵԴԻԱ» բաղադրիչի վերաբերյալ քննարկում:

Հայաստանի Հանրապետությունը դեռևս պաշտոնապես չի մասնակցում «ՄԵԴԻԱ» ենթածրագրին, սակայն այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկումը առաջնահերթություն է դիտարկվում կինոլորտի զարգացման օրակարգում։

Հանդիպման ընթացքում Խորվաթիայի և Վրաստանի «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի ներկայացուցիչները փոխանցել են իրենց պետությունների «ՄԵԴԻԱ» բաղադրիչի անդամակցության փորձը, այդ ուղղությամբ ձեռնարկված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ մանրամասներով և արդյունքներով։

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր խոսքում ընդգծել է, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն «ՄԵԴԻԱ» բաղադրիչին միանալու նախապայմանները դիտարկելու և պետական հարթակներում քննարկելու ուղղությամբ։