ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. հուլիսի 14-ին` ժամը 20:30-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին:

Միջոցառմանը ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):

Մենակատարներ՝ Վահան Մարտիրոսյան /դաշնամուր/, Նիկոլայ Մադոյան /ջութակ/, Ամալյա Թորոսյան /սոպրանո/, Արամո Մամիկոնյան /տենոր/, Ակսել Դավեյան /բարիտոն/, Նարինե Ոսկանյան /սոպրանո/, Սոֆյա Սայադյան /սոպրանո/, Վրեժ Ղարիբյան /տենոր/, Հովհաննես Գրիգորյան /բարիտոն/, Մավր Մկրտչյան /բարիտոն/:

Համերգին կհնչեն կոմիտասյան խմբերգային գոհարներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ և մշակումներ՝ կամերային նվագախմբի համար, Կոմիտասի ինչպես սիրված, այնպես էլ լայն հանրությանը անհայտ ստեղծագործություններ:

Կներկայացվեն Հովհաննես Թումանյանի գրվածքների հիման վրա հայ կոմպոզիտորների կողմից տարբեր տարիներին գրված մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր, հատվածներ «Անուշ» օպերայից և այլ ստեղծագործություններ: