11 մեդալ Եվրոպական խաղերից և 11 հարց մեր մարզիկներին
Սամբիստ Արսեն Ղազարյան. երկրորդ Եվրոպական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ (74 կգ քաշային կարգ):
- Ո՞րն էր առաջին միտքը, որ ծագեց, երբ հասկացաք՝ հաղթել եք:
- Առաջին միտքը՝ հաղթեցի այն մարզիկին, ում ժամանակին մրցավարի կողմնապահության պատճառով պարտվել էի: Գոհ էի ինձանից, որ այս անգամ մրցավարին նույն բանն անելու հնարավորություն չեմ տվել:
- Ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ բարձրացվեց հայկական եռագույնը:
- Առաջին հերթին հպարտ էի, որ հնարավորություն ունեմ ներկայացնելու մեր եռագույնը և կրկնակի հպարտ, որ կարողացա բարձրացնել այն:
- Դժվա՞ր է մեդալակիր լինել:
- Մեդալ նվաճելը միշտ դժվար է: Պետք է պատրաստ լինել ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես:
- Ամենապատասխանատու պահը Ձեր սպորտային կարիերայում:
- Ամեն ստուգատես էլ պատասխանատու է, որովհետև այդ միջոցառումների ժամանակ դու միայն քեզ չես ներկայացնում, այլ մի ամբողջ ազգի, ինչպես նաև այն մարդկանց ու թիմին, որոնք քեզ հետ աշխատել են:
- Հաջորդ բարձունքը, որը կցանկանաք նվաճել:
- Միշտ երազել եմ դառնալ չեմպիոն և փորձում եմ մոտենալ իմ երազանքին:
- Կաևորագույն հատկանիշը՝ չեմպիոն դառնալու ճանապարհին:
- Չեմպիոն դառնալու համար հատկանիշներ շատ կան, բայց կարող եմ առանձնացնել մի քանիսը՝ աշխատասիրություն, նպատակասլացություն և 100 տոկոսով նպատակին տրվելու ձիրք:
- Որևէ մեկին նվիրո՞ւմ եք Ձեր հաղթանակը:
- Չեմ ուզում որևէ մեկին նվիրել իմ հաղթանակը, որովհետև այն ընդհանուր և մեծ թիմային աշխատանքի արդյունք է:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
- Սպորտային կարիերայիս առաջին օրվանից ոգեշնչվել եմ միայն մեկ մարդուց՝ Գագիկ Ղազարյանից, ով աշխարհի հնգակի չեմպիոն է, իմ անձնական մարզիչն ու հայրս:
- Ի՞նչ կցանկանաք ասել պատանի մարզիկներին, որոնք դեռ բարձունքներ նվաճելու ճանապարհին են:
- Գնալ նպատակի և երազանքի հետևից: Անկախ խոչընդոտներից և դժվարություններից` 100 տոկոսով տրվել պարապմունքներին:
- Ի՞նչ կցանկանաք ասել մարզասերներին, որոնք այս ընթացքում հետևում էին Ձեր հաղթական ճանապարհին:
- Շնորհակալ եմ, որ իրենք կան: Ոչ միայն հաղթանակների ժամանակ, այլև անհաջողության դեպքում մարդկային ուշադրությունը մոտիվացնում է մեզ:
- Ո՞ւմ կուզեք շնորհակալություն հայտնել:
- Բոլոր նրանց, ովքեր թեկուզ մեկ խորհրդով օգնել են ինձ` հաջողության ճանապարհին: