Կարենը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի սան է. նա ամենից շատ սիրում է մաթեմատիկա, ռուսերեն ու անգլերեն, և կար ժամանակ, երբ նա երազում էր Վաշինգտոնի կենտրոնում «Բարի մոլորակ» անունով ռեստորան ունենալ։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Կարենի դասընկերները նրա մասին միահամուռ արտահայտվում են՝ որպես խելացի, հետաքրքիր, ընկերասեր, բարի և բոլորին հասնող երիտասարդ:

«Մի ժամանակ երազում էի ուսումնառությունից հետո ռեստորանային բիզնեսով զբաղվել. ռեստորան բացել և անունը դնել «Բարի մոլորակ»: Հիմա մտափոխվել եմ և ինձ ապագայում հաջողակ ծրագրավորողի դերում եմ պատկերացնում: Հաճախում եմ Թումո և պատրաստվում ընդունվել ինֆորմատիկայի քոլեջ: Ես շատ եմ սիրում անիմացիաներ ստեղծել, նկարել համակարգչային ծրագրերով և, առհասարակ, ստեղծագործական աշխատանքով զբաղվել: Ամեն ինչ գալիս է սրտից: Ցանկանում եմ, որ ընկերներս առողջ ապրեն, լավ սովորեն և ապագայում կարգին մարդ դառնան: Ուսուցիչներիս էլ մաղթում եմ առողջություն և խարիզմա»,-ասում է Կարենը:

Խելացի, հետաքրքիր, ընկերասեր, բարի և բոլորին հասնող երիտասարդ. այսպես են արտահայտվում դասընկերները Կարենի

մասին: «Սկզբում Կարենը հրաժարվում էր անգլերեն սովորել, նա միայն մայրենին էր նախընտրում, սակայն ժամանակի ընթացքում հաղթահարել է իր մեջ վախը և ներկայում դասարանում շատերից լավ է տիրապետում օտար լեզվին: Երբեք չվախենաք և ամեն գնով հաղթահարեք ձեր ներքին վախերը»,-ասում է դասղեկը:

Կարենի մայրը՝ տիկին Ելենան, պատմում է, որ մանկապարտեզից հետո բավականին անպատրաստ են հաճախել դպրոց: «Սկզբում դժվար էր. երեխան չէր ուզում սովորել: Նախ երազում էի, որ տառերը սովորի, հետո թվերը, ապա խոսի, արտաբերի յուրաքանչյուր հնչյուն և բառ: Մասնագետներն ասում էին, որ շտապելու կարիք չկա, միասին կհասնենք հաջողության: Բոլոր հարցերում ես հենվել եմ մասնագետների խորհուրդների վրա և այն ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ տղաս ոչ միայն լիարժեք կկարդա և կգրի, այլ գերազանցիկների հետ աշխատանք կգրի, բոլորի հետ հավասար կանցնի նույն ծրագիրը: Տղայիս համար կարևոր է, որ ամեն ինչ լինի գեղեցիկ, որից նա էսթետիկական հաճույք է ստանում»,-ասում է տիկին Ելենան: