Սերգեյ Փարաջանովի 95-ամյակի կապակցությամբ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 8-ին, «Այրարատ» կինոթատրոնի նախասրահում ցուցադրվեց «Կինոյի տաճար» խորագրով ինստալացիան: Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինստալացիան, որն առաջին անգամ ներկայացվել է Ռոտերդամի կինոփառատոնում, ընդգրկում է Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերը:

«Կինոյի տաճար» նախագծի մտահղացման հեղինակը Դենիել Բըրդն է, ում հետ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությունը սկսվել է 2018 թվականին: Նախագծի խորագիրն անվանվել է «Կինոյի տաճար», քանի որ ֆրանսիացի ականավոր ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարը Փարաջանովի արվեստն ու կինոն նկարագրելիս օգտագործել է «կինոյի տաճար» արտահայտությունը:

«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակում հուլիսի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է Փարաջանովի «Եռաֆիլմ», «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ» վերականգնված կարճամետրաժ ֆիլմերը: