Հուսիկը մեր դասարանի համ ու հոտն է. այսպես են բնութագրում նրան դասընկերները: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Հուսիկը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի 9-րդ դասարանի սան է:

Հուսիկն անչափ համեստ է. երբ ընկերները գովասանքի խոսքեր են ասում նրա մասին, կյանքին կենսախինդ աչքերով նայող այս տղան գլուխը կախ ժպտում է:

Դասընկերները և ուսուցիչները Հուսիկին բնութագրում են որպես շփումների մեջ անմիջական, ընկերասեր, յուրահատուկ և բազմատաղանդ երիտասարդ:

Հուսիկը խաղում է մի շարք մանկապատանեկան ներկայացումներում և միշտ դասընկերներին ու ուսուցիչներին հրավիրում՝ ներկա գտնվել դրանց: «Վերջերս դասընկերների, դասղեկի և Հուսիկի հետ աշխատող մասնագետների հետ ներկա ենք գտնվել Շվարցի «Մերկ թագավորը» պիեսի բեմադրությանը, որի ընթացքում ևս մեկ անգամ բացահայտել ենք մեր Հուսիկի յուրահատուկ տաղանդը, թե դերասանական ինչպիսի հիանալի հատկանիշներով է նա օժտված և ինչ ազատ ու ինքնավստահ է իրեն զգում բեմի վրա»,-ասում է դպրոցի փոխտնօրեն Իզաբելլա Աբրահամյանը:

Հրանտը պատմում է, որ Էրեբունի-Երևանի հերթական տոնակատարությանը Հուսիկը ներկաներին զարմացրել է իր մյուս

տաղանդով. նա հիանալի տիրապետում է դհոլի կատարողական արվեստին: Ընկերները, իհարկե, Հուսիկին տեսնում են որպես ապագա դերասան, մինչդեռ Հուսիկն ասում է, որ ապագայում իրեն պատկերացնում է որպես անասնաբույժ: Քչախոս Հուսիկն իր բազմաթիվ նախասիրությունների մասին նախընտրում է լռել, միայն ասում է, որ շատ է սիրում քամանչա նվագել:

«Իհարկե, միշտ էլ եղել են որոշակի դժվարություններ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառության կազմակերպման հետ կապված, սակայն մենք բոլորի հետ հավասար աշխատել ենք, երբեք չենք առանձնացրել, այլ ընդհակառակը՝ աջակցել ենք: Երեխաները ոչ մի խնդիր չունեն, խնդիրը մարդկանց ուղեղի մեջ է. երբ բոլոր մարդկանց ընդունենք ինչպիսին որ նրանք կան, ավելի երջանիկ կլինենք»,-ասում է դասղեկը:

Դպրոցի հոգեբան Մերի Ալեքսանյանն ասում է, որ երբ պրակտիկանտներ են գալիս դպրոց, նրանք որոշակի մտահոգություններ են ունենում՝ կապված ներառական կրթության հետ, սակայն ընդամենը մեկ ամիս անց փոխում են իրենց վերաբերմունքը:

Մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ֆլորան, ով պրակտիկա է անցնում դպրոցում, ասում է, որ իսկապես սկզբում ունեցել է որոշակի մտավախություններ: «Սկզբում շատ անփորձ էինք և չգիտեինք՝ ինչպես աշխատել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, սակայն երեխաների ժպիտը, նրանցից յուրաքանչյուրի հաջողությունը նաև նաև մեզ համար էր երջանկություն: Երեխաներն իրենք են մեզ սովորեցնում՝ ինչպես մեկը մյուսի նկատմամբ հոգ տանել, ինչպես հաղորդակցվել, որը նույնիսկ մեծահասակների մոտ չի ստացվում: Կարծում եմ, որ ամեն ինչ շատ ավելի լավ է, և երբեմն մենք ենք անհիմն բարդացնում հարցը»,-ասում է Ֆլորան: