Միանգամայն ճիշտ են այն խոսքերը, թե Հայաստան աշխարհում ամենից դժվարը քանդակագործ լինելն է: Մի լեռնաշխարհ, որտեղ ամեն քայլափոխի բնությունն անձեռակերտ հրաշքներ է գործել, և որտեղ յուրաքանչյուր քար ունակ է խաչքար ծնելու: Այդ խոսքերը, սակայն, երիցս ճշմարիտ են Գյումրիում, որտեղ դեռ հատու է գյումրեցի վարպետի հատիչը, զրնգուն` նրա մուրճի ձայնը: Բայց և հենց հայոց լեռնաշխարհում կարելի է դառնալ իսկական քանդակագործ, Գյումրվա հնօրյա վարպետների խոսքն ու զրույցը լսելով ըմբռնել քարի ոգին ու նրա հետ դաշն կնքել ողջ կյանքի ընթացքում: