Հուլիսի 7-ին մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` դրամաշնորհային ծրագրերի շրջանակում: Փառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվել են հոբելյանական պատվո աստղեր` նվիրված Բագրատ Հովհաննիսյանի 90, Արման Մանարյանի 90 և Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյաններին:

16-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացումը կայացել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իրադարձության մասնակիցները՝ անվանի հյուրերը, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները, հանդիսավոր մեկնարկից առաջ անցել են կարմիր գորգով: Ողջույնի խոսքում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշել է, որ այս տարի փառատոնը փոփոխություններ է կրել. փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, փոխվել են դիզայնը, լոգոն, վերանայվել են բազում գաղափարներ:

Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը հատուկ շնորհակալություն է հայտնել:

Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել են աշխարհի հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից ֆիլմեր: Այս տարի լինելու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ: Նախատեսված է նաև «Տարածաշրջանային համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագիրը: Մնացած ծրագրերը լինելու են ոչ մրցութային: Դրանք կրում են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ Ծիրան» խորագրերը:

«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը:

Նորույթ է նաև արտամրցութային «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում ընդգրկված է 13 ֆիլմ՝ 3-ական Հայաստանից, Թուրքիայից և Իրանից, 2 ֆիլմ Վրաստանից և մեկ՝ Ադրբեջանից:

Մյուս նորույթը «Ծուռ Ծիրան» ծրագիրն է, որում կներկայացվի 5 ֆիլմ: Արվեստաբան Վիգեն Գալստյանի կողմից համադրված փառատոնի այս հավելվածը բաղկացած է ռադիկալ, էքսպերիմենտալ, երբեմն էքստրեմալ ֆիլմերից: