• Ո՞վ կարող է աշխատել որպես ուսուցիչ։

Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) կամ գիտամանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։

Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև`

1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը.

2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով: Անհրաժեշտ կրեդիտներ չհավաքելու դեպքում աշխատանքի ընդունվելուց մեկ տարի հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է.

3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ.

4) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված և կամավոր ատեստավորում անցած անձը:

1-ին և 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով)։

  • Կարելի՞ է երեխային տանել դպրոց, եթե չի լրացել նրա 6 տարեկանը։

Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց 6 տարեկանը լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:

  • Ինչպե՞ս և ո՞ր լեզվով է իրականացվում ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումն ու ուսուցումը հաստատությունում:

ՀՀ ԿԳ նախարարի N 1640-Ն /24.11.2010թ./ հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու ազատելու կարգի» 5-րդ կետի համաձայն` «Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումը հաստատություն կարող է կատարվել սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը): Եթե ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում լիցենզիայով տրված սահմանային տեղերը լրացած են, և տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատությունում ազգային (մայրենի) լեզվով ուսուցման հնարավորությունը, ապա սովորողի ընդունելությունը տվյալ հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից»:

  • Ո՞ր լեզվով է կազմակերպվում այն սովորողների ուսուցումը, որոնց ծնողները օտարերկրյա քաղաքացիներ, երկքաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք են, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրենք են ընտրում իրենց երեխայի ուսուցման լեզուն:

  • Ո՞ր դեպքում կարող է ուսումնական հաստատություն ընդունելությունն իրականացվել առանց լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակման։

Բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական հաստատությունն է կամ տվյալ համայնքում գործող պետական հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով տրված բոլոր տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:

  • Ո՞ր դեպքում կարող են այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատություններում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում։

Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատություններում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում` դրանց առկայության դեպքում:

  • Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ տվյալ հաստատություն սովորողի ընդունելության և տեղափոխման համար։

ՀՀ ԿԳ նախարարի N 1640-Ն 24.11.2010 թ. հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու/ազատելու կարգի» 25-րդ կետի համաձայն՝ սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը, բացառությամբ պետական հաստատության 1-ին դասարան ընդունվելու դեպքի։

3) լուսանկար՝ 3x4 չափսի, «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում», սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,

4) տեղեկանք՝ տրված Միասնական սոցիալական ծառայություն տրամադրող կենտրոնի կողմից՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների վերաբերյալ՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար (ըստ անհրաժեշտության), եթե տեղեկատվական համակարգերի միջոցով հնարավոր չէ ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակում,

5) նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների, ուսումնասիրած առարկաների, ուսումնական տարվա ընթացքում տեղափոխվելիս՝ նաև ընթացիկ և կիսամյակային գնահատականների, բացակայությունների քանակի մասին,

6) սույն կարգի 29-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից:

  • Ե՞րբ են ամփոփվում սովորողի բացակայությունները։

Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում:

Այն դասարաններում, որտեղ հանրակրթության նոր չափորոշիչը դեռևս ներդրված չէ, և մայիսի 20-ի դրությամբ տվյալ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում սովորողն արդեն 60 ժամից ավելի բացակայություն ունի, ամփոփված տվյալների հիման վրա մանկավարժական խորհրդի նիստում հաստատվում է այդ սովորողի համար լրացուցիչ գրավոր աշխատանքների իրականացումը մայիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպելու մասին որոշում.

Այն դասարաններում, որտեղ հանրակրթության նոր չափորոշիչը դեռևս ներդրված չէ, և մայիսի 20-23-ն ընկած ժամանակահատվածում հաճախումների հիման վրա է որոշվելու սովորողի 60 ժամից ավելի բացակայության փաստը, այսինքն՝ սովորողը 60 ժամից ավելի բացակայություն ունենալու ռիսկի տակ է գտնվում, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ ուսումնական պարապմունքներին սովորողի ներկայությունն ապահովելու համար: Անհնարինության դեպքում՝ մայիսի 23-ի դրությամբ տվյալ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում 60 ժամից ավելի բացակայություն ունենալու պարագայում ամփոփված տվյալների հիման վրա մանկավարժական խորհրդի (ըստ անհրաժեշտության՝ արտահերթ) նիստում հաստատվում է այդ սովորողի համար լրացուցիչ գրավոր աշխատանքների իրականացումը մայիսի 27-30-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպելու մասին որոշում.

Այն դասարաններում, որտեղ հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է, և մայիսի 20-23-ն ընկած ժամանակահատվածում հաճախումների հիման վրա է որոշվելու սովորողի 200 ժամից ավելի բացակայության փաստը, այսինքն՝ սովորողը 200 ժամից ավելի բացակայություն ունենալու ռիսկի տակ է գտնվում, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ ուսումնական պարապմունքներին սովորողի ներկայությունն ապահովելու համար: Անհնարինության դեպքում՝ մայիսի 23-ի դրությամբ ամփոփված տվյալների հիման վրա մանկավարժական խորհրդի (ըստ անհրաժեշտության՝ արտահերթ) նիստում հաստատվում է տվյալ ուսումնական տարվա ընթացքում 200 ժամից ավելի բացակայություն ունեցող սովորողի համար լրացուցիչ քննությունները մայիսի 27-30-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպելու մասին որոշում:

  • Սովորողը քննություններին չներկայանալու դեպքում ինչպե՞ս կարող է հետագայում այն վերահանձնել։

4-րդ դասարանի ավարտին 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ինքնաշխատ եղանակով իրականացվում է ատեստավորում:

4-րդ դասարանի այն սովորողը, որը տարեվերջյան ամփոփման արդյունքում հանրակրթության պետական չափորոշչով սահմանված՝ կրթական առաջին աստիճանի ակնկալվող վերջնարդյունքների՝ առաջադիմության բնութագրող գնահատման միջոցով արձանագրված ցածր արդյունքներ ունի, փոխադրվում է 5-րդ դասարան և 5-րդ դասարանի առաջին կիսամյակի ընթացքում ընդգրկվում է երկարօրյա խմբում` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանի։

9-րդ դասարանի սովորողն ավարտական քննությանը չմասնակցելու դեպքում վերաքննություն է հանձնում տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում։ Ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից։ Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը։

12-րդ դասարանի սովորողը 2025-2026 ուսումնական տարում չի ավարտում դպրոցը, եթե վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր կամ չի մասնակցել վերաքննություններին:

12-րդ դասարանի սովորողը 2026-2027 ուսումնական տարվանից սկսած պետական ավարտական քննություններին չմասնակցելու դեպքում վերաքննություն է հանձնում տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից։ Վերաքննությունների արդյունքները կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրվում են ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը։ Վերաքննությունները հանձնելուց հետո որևէ ուսումնական առարկայից 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր ստացած լինելու, կամ վերաքննություններին չմասնակցելու դեպքում սովորողը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և համարվում է դպրոցն ավարտած՝ տվյալ առարկայից ուսումնական տարվա ընթացքում ստացած գնահատականների հիման վրա:

  • Ինչպե՞ս են կարգավորվում մարզական հավաքներին և մրցաշարերին մասնակից հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների՝ տվյալ ժամանակահատվածի բացակայությունները։

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 09-Ն 20.05.2020 թ. հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի» 8-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջի՝ հեռավար ուսուցում է կազմակերպվում այն սովորողների համար, որոնք հանրապետական կամ միջազգային առարկայական կամ մարզական օլիմպիադաների, մրցաշարերի կամ առաջնությունների կամ ուսումնամարզական հավաքների, մշակութային միջազգային մրցույթների կամ փառատոնների մասնակիցներ են և հաճախ են բացակայում առկա դասապրոցեսից։

  • Իրավական ի՞նչ հիմքեր կան հեռավար կրթություն իրականացնելու համար, և հնարավո՞ր է հեռավար ուսուցմամբ կազմակերպել սովորողի կողմից գիտելիքների ամփոփիչ ստուգում կամ ատեստավորման արդյունքում սովորողի փոխադրում։

Հեռավար կրթությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 20.05.2020 թ. N 09-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի» համաձայն։

Հեռավար կրթության տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական, լաբորատոր, գործնական պարապմունքների, ընթացիկ և միջանկյալ գնահատումների, և 7.1-ին կետով սահմանված դեպքերում, ինչը չի բացառում, ըստ անհրաժեշտության, սովորող-ուսուցիչ անմիջական հաղորդակցությունը: Հեռավար կրթության դեպքում սովորողների և ուսուցիչների անմիջական համատեղ ուսումնական գործունեության` ուսումնական, լաբորատոր և գործնական պարապմունքների ծավալների հարաբերակցությունը որոշվում է ուսումնական հաստատության կամ հեռավար ուսուցման կենտրոնի կողմից:

  • Ինչպե՞ս մասնակցել դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններին:

Հարցը կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 14 հոկտեմբերի 2010 թ. N 1507-Ն հրամանով հաստատված «Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի» պահանջներով։

Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են 3 քննաշրջաններով.

1-ին քննաշրջան` փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ` ըստ նախարարի հաստատած ժամանակացույցի,

2-րդ քննաշրջան` ըստ ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակացույցի, մյուս առարկաները՝ ըստ նախարարի հաստատած ժամանակացույցի,

3-րդ քննաշրջան` հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ նախարարի հաստատած ժամանակացույցի:

էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կարող են կազմակերպվել նաև 1-ին և 3-րդ քննաշրջաններում՝ ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:

  • Ինչպե՞ս է կարգավորվում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցումը։

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 81-Ն /29.11.2021թ./ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգի» 7-րդ կետի` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից՝ «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է Հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:

ԿԳՄՍ նախարարի 2022 թվական հունիսի 9-ի N20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգ»:

«Հանրակրթության պետական չափորոշչի» փուլային ներդրմամբ պայմանավորված ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթներ:

Մրցույթի անցկացման ընթացակարգ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թ. հունիսի 9-ի N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» 37-րդ կետի համաձայն`հանձնաժողովների անդամների թեկնածուների ընտրությունն իրականացվում է ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝

1) տվյալ առարկայի 3-5 մասնագետ,

2) մանկավարժ-հոգեբան,

3)հայոց լեզվի մասնագետ՝ Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեի առաջարկությամբ (բացառությամբ՝ մայրենի և օտար լեզուների առարկաների, որում կարող են ներգրավվել համապատասխան առարկայի մասնագետները),

4) նկարիչ-ձևավորող

5) բժիշկ-հիգիենիստ:

Առարկայական հանձնաժողովում ընդգրկվում են տվյալ առարկայի ոլորտում առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ՝ տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող բուհերից, գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցներից: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև տվյալ առարկայի մասնագետներ հանրակրթական ուսումնական Հաստատություններից, որոնք ունեն տվյալ ոլորտում գիտական աստիճան կամ համապատասխանում են սույն կարգի 39-րդ կետով սահմանված պահանջներին, որոնք հետևյալն են`

1) բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով),

2) մասնագիտական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ:

Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի հեղինակ է, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ, միևնույն առարկայի հավակնորդ այլ դասագրքի փորձագետ, հեղինակի ուսանող, ասպիրանտ կամ վերջինիս հետ ակադեմիական կապ ունեցող անձ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը:

Առարկայական ծրագրեր և առարկայական նոր չափորոշիչներ

Առարկայական ծրագրերը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել և տեղադրվել են ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում՝ http://escs.am/am/news/14754 հղմամբ: Առարկայական նոր չափորոշիչները 2021 թվականի ապրիլի 30-ին հաստատվել և տեղադրվել են նախարարության կայքում՝ https://escs.am/am/news/8621 հղմամբ:

Մեթոդական ձեռնարկների և ուսումնական նյութերի տեխնիկական չափանիշներ

Հայտահրավերի 2.10 կետի վերաբերյալ պահանջը բխում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 09.06.2022 թ. N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» պահանջներից: Մեթոդական ուսումնական ձեռնարկի և ուսումնական նյութի ծավալը հեղինակի հայեցողությամբ կարող է տարբեր լինել: Հարկ է նշել, որ մեթոդական ձեռնարկը դասագրքի բաղադրիչ է, և այն գնահատվում է դասագրքի հետ համատեղ սահմանված կարգի պահանջներին համապատասխան:

Պայմանագրի ժամկետներ և պահանջներ

Պայմանագրի 1.2 կետում նշված (սույն պայմանագրով նախատեսված գումարի դիմաց կազմակերպությունը պետական մարմնին սույնով տրամադրում է նաև դասագրքի, դասագրքի մեթոդական ուղեցույցների, դասագրքի բովանդակությունը լրացնող կամ հարստացնող այլ ուսումնական (ուսումնաօժանդակ) նյութերի (բոլորը միասին՝ Դասագիրք) ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված օգտագործման (մասնավորապես՝ տպագիր օրինակ(ներ)ի վերարտադրման, տարածման, վարձույթով տալու և փոխատվության) իրավունք՝ անժամկետ, ՀՀ տարածքում (այսուհետ՝ Լիցենզիա) դրույթը վերաբերում է, ըստ դասագրքերի գործածության ժամկետների, հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա ձևավորված նախարարության պատվերին: Վերահրատարակմանն առնչվող հարցերը կկարգավորվեն կողմերի միջև կնքվող պայմանագրի դրույթներով:

Արտերկրում գրանցված հեղինակային իրավունք

Արտերկրում գրանցված հեղինակային իրավունքի ձեռքբերման դեպքում հավելյալ գումար կտրամադրվի միայն համապատասխան հիմքերի առկայության դեպքում, և դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ մրցակցային պայմանների վրա: Հիշեցնենք նաև, որ հայտահրավերում համապատասխան կարգավորումը ներառվել է հրատարակչությունների գրավոր և բանավոր առաջարկությունների հիման վրա:

Բովանդակային շեմը հաղթահարած, բայց դրամաշնորհ չստացած դասագրքեր

ԿԳՄՍ նախարարի 09.06.2022 թ. N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» 26-րդ կետի համաձայն՝գիտականության և չափորոշչին համապատասխանության և բովանդակային գնահատման փուլերի արդյունքում դրական եզրակացություն ունեցող ուսումնական նյութերը կարող են երաշխավորվել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ որպես ուսումնաօժանդակ նյութեր գործածվելու համար:

Գնահատման սանդղակ

Դասագրքերի գնահատումն իրականացնում է փորձագիտական հանձնաժողովը՝ դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված գնահատման սանդղակի համաձայն, որը տեղադրված է կայքում: (սանդղակը ենթարկվել է փոփոխության, որն առանձին առդիրով կցված է):

Դրամաշնորհային գումար

Դասագրքերի ստեղծման արժեքի գնագոյացման հաշվարկը կատարվել է համանման ծրագրերի հիման վրա: Մասնավորապես, նախահաշվային արժեքի ձևավորման համար հիմք են ծառայել մինչ այս գրահրատարակչության ոլորտում իրականացված նախահաշվային արժեքները գիտական գրականության ստեղծման մասով, ինչպես նաև դասագրքերի մշակման համար ներկայիս գործող մեխանիզմից ներկայացված հաշվարկները։ Ըստ մրցույթի արդյունքում ստացած մրցակցային առաջարկների՝ նախարարությունը պլանավորել է հետագայում, ըստ անհրաժեշտության, հնարավորության սահմաններում վերանայել դասագրքերի ստեղծման արժեքը՝ փաստացի իրողությունները նաև հաշվի առնելով:

Հարկ է նշել, որ ինչպես կարգով է սահմանված, առաջնային է լինելու դասագրքերի բովանդակային և մեթոդական փորձաքննությունը։ Նախապատվություն կտրվի և գործածության կերաշխավորվի ներկայացված պահանջներին համապատասխանող դասագիրքը, ինչից հետո կքննարկվեն նաև գնային առաջարկները: Հեղինակների կողմից ներկայացված նախահաշվային արժեքից բարձր գնային առաջարկը չի կարող պատճառ հանդիսանալ, այսպես կոչված, «սև ցուցակում» ընդգրկվելու համար: ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի» 9.1. կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ «Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում: Կազմակերպությունն ընդգրկվում է ցուցակում, եթե՝

որպես հաղթող հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.

խախտել է կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պետական մարմնի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը»:

Երկու դեպքն էլ վերաբերելի չեն այս հնարավոր իրավիճակին։

Հեղինակին տրամադրվող հոնորար

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի հատկացման մրցույթի 1.3 կետի` փորձաքննությունն անցած, հաղթող ճանաչված, դասագրքերի երաշխավորման ցուցակում ընդգրկված, ուսումնական հաստատությունների կողմից պատվիրված, տպագրության ներկայացված յուրաքանչյուր դասագրքի յուրաքանչյուր տպաքանակի համար ԴՏՀՏՇ հիմնադրամի կողմից հեղինակին (իրավաբանական անձի դեպքում` վերջինիս` համապատասխան պայմանագրերի առկայության պարագայում) տրամադրվում է հոնորար՝ տվյալ չափաբաժնի տպագրման համար ծախսված գումարի 8 (ութ) տոկոսի չափով՝ ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները:

Դասագրքի սանիտարահիգիենիկ նորմեր

Հարցը կարգավորվում է ՀՀ առողջապահության նախարարի 04.04.2011 թ. N 02-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական և նախնական մասնագիտական կրթության ուսումնական հրատարակություններին ներկայացվող թիվ 2-3.4.07-11 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով»: Վերոնշյալ հրամանում փոփոխություն կատարելու համար կարող եք առաջարկություն ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն:

Դասագրքի առնվազն 11 հատ օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ ներկայացնելու պահանջ

Վերոնշյալ պահանջը բխում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 20-Ն 09.06.2022 թ. հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» պահանջներից:

17.01.25 թ. N 06-Ն հրամանի 3-րդ կետի համաձայն` նույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանի Հավելված 1-ի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ գլխի 16-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված՝ օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ նմուշի ներկայացման պահանջը կիրառելի չէ 2025 թվականի հունվարի 1-ից հետո հայտարարված մրցույթների դեպքում:)

  • Ե­՞րբ կարող է ուսուցիչը դիմել տարակարգ ստանալու համար։

Տարակարգի դիմելու համար ՀՀ կառավարության 2022 թ․ սեպտեմբերի 29–ի N 1509–Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգով» որևէ սահմանափակում նախատեսված չէ։ Ուսուցիչը տարակարգ ստանալու համար կարող է դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ամբողջ տարվա ընթացքում։

  • Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում է լիազոր մարմինը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարում։

Տնօրենի թափուր տեղի մրցույթն անցկացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի N 181-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման, փորձաշրջանի սահմանման» կարգի պահանջների։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ մարզպետի աշխատակազմի կամ Երևանի քաղաքապետարանի (լիազոր մարմին) համապատասխան ստորաբաժանումը, ըստ ենթակայության, տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված, առավելագույնը 45 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս, քան 40 աշխատանքային օր առաջ հայտարարում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ, որը բաղկացած է 3 փուլից՝ հավակնորդների հայտերի ընդունում, զարգացման ծրագրի փորձաքննություն և հարցազրույցի անցկացում:

  • Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում է հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում ընդունում։

Տնօրենի թափուր տեղի մրցույթն անցկացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» պահանջների։ Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը, տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված, առավելագույնը 70 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս, քան 66 աշխատանքային օր առաջ (չներառելով ամառային արձակուրդի ժամանակահատվածը), ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում:

  • Ի՞նչ ժամկետներում են ընդունվում տնօրենի թափուր տեղի համար մրցույթին մասնակցելու մասին հայտերը, և ե՞րբ է անցկացվում մրցույթը։

Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է հայտերի ընդունման վերջին օրվանից հետո՝ 10-րդ աշխատանքային օրը: Մասնակցության հայտերի բացակայության դեպքում փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարեցվում է մեկ անգամ՝ տասնհինգ աշխատանքային օրով, որի վերաբերյալ 1 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հայտարարություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 4-րդ կետի պահանջի։ Երկարաձգված ժամանակահատվածում դիմող չլինելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ։

  • Ի՞նչ ժամկետներում են ընդունվում տնօրենի թափուր տեղի համար մրցույթին մասնակցելու մասին հայտերը, և ե՞րբ է անցկացվում մրցույթը։

Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունում է տվյալ լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը՝ www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում էլեկտրոնային եղանակով հայտերն ընդունվում են www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Մասնակցության հայտերի բացակայության դեպքում լիազոր մարմինը հայտերի ընդունման վերջին օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարում է նոր մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի N 181-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն:

  • Ինչպե՞ս է ընտրվում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն։

Հավակնորդների զարգացման ծրագրերի փորձաքննության ներկայացման և հավակնորդների ընտրության նպատակով նախարարի հրամանով ձևավորվում է մասնագիտական հանձնաժողով: Մասնագիտական հանձնաժողովը կազմված է 7 անդամից։ Մասնագիտական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ մասնագիտական հանձնաժողովի առնվազն 5 անդամի կողմ քվեարկելու դեպքում:

Մասնագիտական հանձնաժողովը հավակնորդի զարգացման ծրագիրն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, այն ներկայացնում է փորձաքննության` առանց հավակնորդի անձնական տվյալները նշելու:

Փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո 11 աշխատանքային օրվա ընթացքում մասնագիտական հանձնաժողովը գնահատման արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր հավակնորդների հետ անցկացնում է հարցազրույց՝ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի, նրա մասնագիտական գործունեության, անձնային որակների, բարեվարքության և կարողունակությունների շրջանակներում։ Հիմնական հարցերից բացի, կարող են տրվել նաև հանրակրթության ոլորտին առնչվող լրացուցիչ հարցեր:

Յուրաքանչյուր հավակնորդի հետ անցկացվում է առանձին հարցազրույց, որի ամբողջ ընթացքը ձայնագրվում է: Համաձայն N 4 ձևի՝ մասնագիտական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից արդյունքներն արձանագրվում են, և տրվում է դրական կամ բացասական եզրակացություն հավակնորդների հարցազրույցի արդյունքների վերաբերյալ:

Հանձնաժողովի առնվազն 5 անդամի դրական եզրակացություն ստացած մասնակիցը (մասնակիցները) համարվում է (են) հարցազրույցի փուլը հաղթահարած և լիազոր մարմնի կողմից տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել 5 տարի ժամկետով (առանց փորձաշրջանի):

Հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում հավակնորդը լիազոր մարմնի կողմից տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել 5 տարի ժամկետով՝ 1 տարի փորձաշրջանով (հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը):

  • Ինչպե՞ս է ընտրվում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն, և արդյոք բացակա խորհրդի անդամի ձայնը փոխանցվո՞ւմ է։

Տնօրեն ընտրվում է բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող խորհրդի անդամների առնվազն երկու երրորդի կողմ ձայներով: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Բացակա խորհրդի անդամի ձայնը չի փոխանցվում:

  • Ինչ եղանակով է համալրվում ուսուցչի թափուր տեղը։

Հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղը համալրվում է մրցութային կարգով՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 15 ապրիլի 2013 թվականի N 396-Ն հրամանով հաստատված «Ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգի»։ Ուստի, ուսուցիչ աշխատելու համար անհրաժեշտ է մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին։

  • Հնարավո­՞ր է ուսումնական հաստատությունում աշխատել ուսուցիչ՝ առանց ուսուցչի թափուր տեղի մրցույթի մասնակցության։

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգի» պահանջների՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու դեպքում հնարավոր է աշխատել ուսուցիչ՝ գործուղվելով ՀՀ մարզերի համապատասխան դպրոցներ։

Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում 2021 թ. ապրիլի 1-ից գործում է նոր հարթակ, որտեղից կարելի է ստանալ տեղեկատվություն՝ ՀՀ մարզերում առկա հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի թափուր հաստիքների վերաբերյալ (հղումը՝ https://kadrer.emis.am//)։

  • Ինչ եղանակով է նախարարության կողմից մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ գործուղվում համապատասխան մասնագետ։

Նախարարության կողմից մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետի գործուղումն իրականացվում է համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու» կարգի պահանջների։

Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում 2021 թ. ապրիլի 1-ից գործում է նոր հարթակ, որտեղից կարելի է ստանալ տեղեկատվություն՝ ՀՀ մարզերում առկա հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի թափուր հաստիքների վերաբերյալ (հղումը՝ https://kadrer.emis.am//)։

  • Ե­՞րբ կարող է ուսուցիչը դիմել տարակարգ ստանալու համար։

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-35-Ն օրենքը ուժի մեջ է մտել 2022 թ. մարտի 3-ից, որով սահմանվել են փոփոխություններ նաև ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում:

Համաձայն վերոգրյալ օրենքի պահանջների՝ մարտի 3-ից սկսած՝ տարակարգի շնորհման գործընթացը կիրականացվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից օրենքով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունելուց հետո, որով կսահմանվեն տարակարգի շնորհման համար ուսուցչի մասնագիտական չափանիշները:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է հետևել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջին և տարակարգի շնորհման համար դիմում ներկայացնել ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունումից հետո։

  • Թղթային, թե՞ էլեկտրոնային եղանակով է տրվելու հանրակրթական ուսումնական հաստատության պետական ավարտական փաստաթուղթը։

2021-2022 ուսումնական տարվանից՝ հանրակրթական ուսումնական հաստատության պետական ավարտական փաստաթուղթը տրվելու է էլեկտրոնային եղանակով։ Ավարտական փաստաթղթի նմուշը հաստատվել է ՀՀ կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N320 որոշմամբ։

  • Քոլեջի ո՞ր շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում և կրթության ինչ ձևով:

Քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ՄՄՈՒՀ) բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտները (այսուհետ` հավակնորդ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու հնարավորություն ունեն:

Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է`
1) եթե հավակնորդի ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների (առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն հավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը) քանակը չի գերազանցում 8-ը, ապա՝
ա. մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում,
բ. 2014 թվականից սկսված ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չլինելու դեպքում՝ երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ:
2) վճարովի հիմունքով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող հավակնորդի` վերոնշյալ կարգով կրթությունը շարունակելու դեպքի:
Պետական կամ ոչ պետական հավատագրմագրված բուհում կարող են վերոնշյալ կարգով ուսումը շարունակել միայն պետական կամ ոչ պետական հավատարմագրված ՄՄՈՒՀ-ների հավակնորդները:
Հավակնորդը բուհ տեղափոխվելու մասին դիմումը ՄՄՈՒՀ-ի ղեկավարին է ներկայացնում պետական ամփոփիչ ստուգման քննաշրջանից առնվազն 10 օր առաջ` նշելով նախընտրած բուհը և նախընտրելի մինչև 2 մասնագիտություն՝ առաջին հայտի գերակայության սկզբունքով:
Հավակնորդը կամ ՄՄՈՒՀ-Ը փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան բուհ մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը։

Փաստաթղթերի փաթեթը ներառում է՝
1) դիմում` ուղղված ռեկտորին.
2) ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը.
3) արձանագրության պատճենը.
4) չորս լուսանկար (3x4 չափսի).
5) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
6) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Եթե բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների թիվը գերազանցում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված տեղերի թիվը, ապա հանձնաժողովը հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցութային հիմունքով` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն՝
1) գերազանցության ավարտական փաստաթուղթ (գերազանցության դիպլոմ).
2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական (միջին թվաբանականը հաշվարկելիս անցում է կատարվում 20 միավորային համակարգի և այն կլորացվում է տասնորդականի ճշտությամբ).
3) պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ:
Մրցույթն անցկացվում է մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 15-ը։

  • Ովքե՞ր կարող են ընդունվել արհետսգաործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ: Ի՞նչ սկզբունքներով է անցկացվում ընդունելության մրցույթը:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի հուլիսի 30-ի N 60-Ն հրամանով:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններում առկա (ստացիոնար) ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ ընդունելությունն` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձանց դիմումներով:
Օտարերկրացիները` իրենց ընտրությամբ, Հաստատություն կարող են ընդունվել վերոնշյալ կարգով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության այն երկքաղաքացիները կամ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում կարող են իրենց ընտրությամբ Հաստատություն ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով, սակայն պահպանելով Ոլորտային մասնագիտությունների համար նախատեսված ընդունելության պահանջները։ Այն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են դրանք, Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում ընդունելությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով։
Արգելվում է հաստատությունների վճարովի ուսուցմամբ ուսումնառող՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ Հաստատությունում ուսումնառող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Տվյալ կետում նշված արտակարգ իրավիճակի առկայությունը հավաստում է արտաքին քաղաքականության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:
Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է փաստաթղթերի ընդունման, իսկ Ոլորտային մասնագիտությունների գծով` քննությունների ավարտման հաջորդ աշխատանքային օրը:
Ընդունելության մրցույթն անցկացվում է ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում` հետևյալ սկզբունքով.
1) անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար վերոնշյալ կարգի ցանկով ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.
2) ոլորտային մասնագիտություններով` բացառությամբ աղյուսակ 1-ի «0215 Երաժշտություն և կատարողական արվեստ» գլխի, «Գեղանկարչություն», «Քանդակագործություն» և սպորտի մասնագիտությունների (այսուհետ` արվեստի և սպորտ), անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և վերոնշյալ կարգի Աղյուսակ 1-ի տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը, իսկ արվեստի և սպորտի մասնագիտություններով անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է վերոնշյալ կարգի Աղյուսակ 1-ի տվյալ մասնագիտության քննության/քննությունների առավել բարձր գնահատական(ներ) ստացած դիմորդը.
3) մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում ըստ սահմանված հերթականության առավելությունը տրվում է՝
ա. մեդալակիր-դիմորդին, իսկ արվեստի և սպորտի մասնագիտությունների գծով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և վերոնշյալ կարգի ցանկերով տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդին.
բ. տվյալ մասնագիտությամբ առավել երկարատև մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դիմորդին.
գ. պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար քննություններից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին.
դ. տվյալ մասնագիտության գծով բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացած դիմորդին.
ե. դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդին.
զ. հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին.
է. ըստ տվյալ մասնագիտության համար վերոնշյալ կարգի ընդունելության մրցութային առարկաների ցանկով սահմանված առաջնային համարվող առարկաներից առավել բարձր գնահատականներ/միավորներ ունեցած դիմորդին.
4) վճարովի ուսուցման տեղերը համալրվում են անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո` վերոնշյալ կարգի 39-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերով նախատեսված կարգով.
5) մրցույթը համարվում է ավարտված, հաստատության ընդունելության ընդհանուր (անվճար և վճարովի) տեղերը համալրվելու կամ դիմորդների թիվն այդ տեղերից պակաս լինելու դեպքում:

  • Ովքե՞ր կարող են օգտվել ուսման վարձի զեղչից արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշմամբ:
Պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) տրվում է առկա ուսուցմամբ ուսումնառող և համապատասխան կարգավիճակը վկայող փաստաթղթերի առկայության դեպքում և ըստ առաջադիմության՝
1) ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին.
2) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, ընդ որում՝ սույն ենթակետի իմաստով սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի ուսումնական հաստատությունների ուսանողները, ինչպես նաև այդ բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես այդտեղ բնակվող ուսանողները.
3) մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին. մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ ծառայության՝ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով.
4) երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին.
5) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողների ուսման վճարի փոխհատուցման այլ պայմաններ:
Վերոնշյալ ենթակետերում նշված ուսանողի ուսման վճարի փոխհատուցման չափը որոշելիս հիմք է ընդունվում նախորդ ուսումնական տարվա ուսումնառության առաջադիմությունը (առաջին կուրսում` նախորդ ուսումնառած կրթական ծրագրի ավարտական արդյունքները)՝
1) միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 70 տոկոս.
2) 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 50 տոկոս.
3) 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 30 տոկոս։
Պետության կողմից ուսման վճարի՝
1) 100 տոկոսի չափով փոխհատուցում տրվում է մրցույթի արդյունքներով արհեստագործական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում վճարովի համակարգ ընդունված կամ սովորող՝ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողին․
2) 100 տոկոսի չափով փոխհատուցում տրվում է մրցույթի արդյունքներով միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում առկա կամ հեռակա ուսուցման համակարգի վճարովի համակարգ ընդունված «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողին․
3) փոխհատուցում տրվում է միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում առկա կամ հեռակա ուսուցման համակարգի՝ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողին հետևյալ դեպքերում և չափով՝
ա. միայն «գերազանց» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 100 տոկոս,
բ. միայն «լավ» կամ միայն «գերազանց» ու «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 80 տոկոս,
գ. 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» կամ «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 50 տոկոս,
դ. 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» կամ «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 30 տոկոս։

  • Ե՞րբ և ի՞նչ ժամկետում է կատարվում ուսանողի փոխատեղումը:

Ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող և հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում՝ ըստ մասնագիտությունների: Փոխատեղման արդյունքում անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ, բացառությամբ` մինչև 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով ընդունված կամ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողների: Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար և վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին:

Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստա­տության տնօրենը տալիս է հայտարարություն` ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաև ինտերնետային կայքում (առկայության դեպքում) վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին:

Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչև կիսամյակի ավարտը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակն սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում: Ուսանողը հաստատության տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ կցում է նաև սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում):

Հաջորդ ուսումնական տարին սկսելուն նախորդող երկու շաբաթվա ընթացքում ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները և համապատասխան փաստաթղթերը քննարկվում են ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստում` միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ: Խորհրդի կողմից հաստատվում է ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների անվանական կազմը, որը տնօրենի կողմից հրապարակվում և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին երեք աշխատանքային օրվա ընթացքում:

  • Ինչպե՞ս է իրականացվում լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման գործընթացը:

Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման գործընթացն իրականացվում է համաձայն 2025 թվականի հունիսի 16-ի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 51-Ն հրամանով հաստատված կարգի:

  • Քանի՞ դասաժամի բացակայության դեպքում է քոլեջի կամ ուսումնարանի ուսանողը հեռացվում:

Ժամաքանակը սահմանվում է տվյալ ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով:

  • Ո՞ր ուսանողներին է կրթաթոշակ տրվում:

Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքա­գիծ դրսևորելու համար, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակա­վայրերի ուսանողներին:

Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`

1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին.

2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսա­գրերում և զանգվածային լրատվության միջոցներում).

3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին.

4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատու­թյունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդուն­ված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտ

  • Ո՞վքեր կարող են բուհերում օգտվել ուսման վարձի զեղչից:

Ուսման վարձի զեղչից կարող են օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի և մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարած հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողները (բացառությամբ 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողների)՝

1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս.

2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս.

3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս.

4) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս.

5) երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս.

6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս.

7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս.

8) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս.

9) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունը:

  • Ո՞ր դեպքում կարող է 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողն օգտվել ուսման վարձի զեղչից:

Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Բակալավրի և ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը /ՄՈԳ/:

  • Որո՞նք են բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետները:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում` մինչև ժամը 18։00-ն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18։00-ն:

  • Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ` բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար:

Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).
6
լուսանկար (3 x 4 սմ չափսի).
անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.
զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին.
արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.
միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները.
ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

  • Ո՞ր դիմորդները կարող են օգտվել արտոնություններից:

1) Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին (համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների) մրցույթից դուրս ընդունվում են՝

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,

բ. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները`

2) Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

ա. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները.

բ. առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները:

3) Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`

ա. անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)` ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին

բ. եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն՝ բուհ են ընդունվում մրցույթից դուրս:

4) Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:

  • Բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդները ընդունելության դիմում-հայտում անվճար և վճարովի քանի՞ մասնագիտություն­ներ կարող են նշել:

Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները։

  • Մրցութային հավասար միավորների դեպքում ո՞ր դիմորդներին է տրվում առավելություն:

Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթակա­նության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին.

2) արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին.

3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ Հա­յաս­տանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տար­վա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին.

5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահա­տական գնահա­տական ունեցող դիմորդներին.

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

  • Ի՞նչ պարտավորություն ունի նպատակային ուսուցմամբ /պայմա­նագրա­յին հիմունքներով գործուղված/ ուսանողը:

Նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապե­տու­թյան քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրա­գույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցու­թային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձ­նացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատ­ված կարգի: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմա­նագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողը ավարտե­լուց հետո՝ առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազ­մա­կեր­պության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջա­նա­վար­տը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամ­կետ­ներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաս­տանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:

  • Ո՞ր դեպքում է թույլատրվում ուսանողի տեղափոխությունը:

Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի և ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու, որի դեպքում առարկայական անհամապատասխանությունների նշված պահանջը բավարարվում է:

  • Ի՞նչ ժամկետներում են ընդունվում տեղափոխության մասին դիմումները:

Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձևով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին՝ ակադեմիական տեղեկանք ստանալու համար: Բուհի կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:

  • Տեղափոխման դեպքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով բուհ ընդունված ուսանողը տարկետումը պահպանո՞ւմ է:

Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով բուհ ընդունված ուսանողների տեղափոխության դեպքում տրամադրված տարկետման իրավունքի փոփոխություն չի կատարվում:

  • Ո՞ր դեպքերում չի թույլատրվում ուսանողի տեղափոխություն:

Չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո: Չի թույլատրվում նպատակային տեղերում ընդունված ուսանողների տեղափոխումն այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ ուսումնառության:

  • Ինչպե՞ս է իրականացվում բուհից բուհ տեղափոխությունը:

Ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաև սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը` ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը և ակադեմիական տեղեկանքն ստանալուց հետո (մինչև այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի և ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը):

  • Ինչպե՞ս է իրականացվում ներբուհական տեղափոխությունը:

Ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն:

  • Ինչպե՞ս է իրականացվում օտարերկրյա բուհերից տեղափոխությունը:

Օտարերկրյա պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից Հայաստանի Հանրապետության բուհեր ուսանողների տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված և առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով Հայաստանի Հանրապետություն վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ և նախարարության համաձայնությամբ, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:

  • Ո՞ր դեպքերում է արգելվում ուսանողին հեռացնել բուհից:

Արգելվում է սովորողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:

  • Ե՞րբ է ուսանողը հեռացվում բուհից:
  • Ուսանողը Բուհից հեռացվում է.
  • 1. ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով՝ կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում,
  • 2. բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքերում,
  • 3. բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:
  • Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն Բուհից հեռացված ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից:
  • Ե՞րբ է ընդհատվում ուսանողի ուսումնառությունը:
  • Ուսանողի ուսումնառությունն ընդհատվում է.
  • 1. ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքում,
  • 2. առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու դեպքում,
  • 3. հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքերում:
  • Ինչպե՞ս է իրականացվում ակադեմիական պարտքերի վերահանձնումը:

Ընթացիկ անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված ուսանողների, իրավունք է վերապահվում մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը լրացնելու առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը, վերահանձնելով առարկաները ևս 2 անգամ կամ կրկնելով դրանք:

  • Ե՞րբ է շրջանավարտին շնորհվում գերազանցության դիպլոմ:

Գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը «գերազանց» գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, ովքեր ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90 %-ը:

  • Ո՞վքեր կարող են մասնակցել «Պատիվ ունեմ» ծրագրին

«Պատիվ ունեմ» ծրագրին կարող են մասնակցել օրենքով սահմանված կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիները:

  • Դիմորդները ե՞րբ և որտեղ պետք է ներկայացնեն փաստաթղթերը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Դիմորդը զորակոչի նախապատրաստական փուլի ժամանակ, սակայն ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը իր զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ է ներկայացնում դիմում, որին կից ներկայացվում է քաղաքացու անձը և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորելու (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսանալու) հանգամանքը հաստատող փաստաթղթերի պատճենները, գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան հաշվի համարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագիրը:

  • Ե՞րբ է լուծվում ՀՀ ՊՆ և քաղաքացու միջև կնքված պայմանագիրը

ՀՀ ՊՆ և քաղաքացու միջև կնքված պայմանագիրը լուծվում է՝

  • Քաղաքացու կողմից իր հետ կնքած պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դիմում ներկայացվելիս,
  • Բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից անկախ պատճառներից ազատվելիս և (կամ) հեռացվելիս,
  • Առկա ուսուցման համակարգից հեռակա ուսուցման համակարգ տեղափոխվելիս:
  • Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀՀ ՊՆ և քաղաքացու միջև կնքված պայմանագրի լուծումը

Քաղաքացու կողմից պայմանագրից հրաժարվելու կամ բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից անկախ պատճառներից ազատվելու և (կամ) հեռացվելու դեպքում քաղաքացին կորցնում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:

Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու դեպքում քաղաքացիները, պայմանագրում նախատեսված ժամկետում, բարձրագույն ուսումնական հաստատությանը միանվագ վճարում են այդ հաստատության վճարովի համակարգում տվյալ մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը, որի հաշվարկը քաղաքացուն ներկայացնում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունը: Պայմանագրում նախատեսված ժամկետում քաղաքացու կողմից հրաժարագինը չվճարվելու դեպքում դրա բռնագանձումն իրականացվում է դատական կարգով՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից:

  • Ինչպե՞ս է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը:

Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները: Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) բակալ­ավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).

2) օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).

3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.

4) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).

5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

  • Ո՞ր երկրներում է ճանաչվում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված ավարտական փաստաթուղթը:

ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված ավարտական փաստաթուղթը ճանաչվում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի անդամ 47 երկրների (համաձայն Լիսաբոնի որակավորումների փոխճանաչման կոնվենցիայի), Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներ (համաձայն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիայի), Չինաստանի, Լիբանանի և Պարսկաստանի (համաձայն միջպետական համաձայնագրերի) կողմից:

  • Որտե՞ղ կարելի է վերապատրաստվել ասպիրանտուրայի ընդունելության համար սահմանված օտար լեզուների և համակարգչային գիտելիքների ստուգման քննությունների համար:

Բրիտանական խորհուրդ (British Council),
Հայաստանի ամերիկյան համալսարան,
Երևանի պետական համալսարան,
Գյոթեի անվան ինստիտուտի գործընկերը Հայաստանում (Geothe Institute partner in Armenia),
Ալիանս Ֆրանսեզ (Alliance française),
Գիտությունների ազգային ակադեմիա,
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

  • Ովքե՞ր կարող են հավակնել գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի:

Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) և հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից:

  • Ովքե՞ր կարող են հավակնել գիտությունների դոկտորի գիտական աստիճանի:

Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն գիտության որոշակի բնագավառում ներդրած գիտական ավանդ և թեկնածուի գիտական աստիճան:

  • Ո՞վ է շնորհում գիտական աստիճան:

Գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը՝ հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Գիտական աստիճանի վկայագիր հանձնում է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեն:

  • Ի՞նչ ժամկետում է Բարձրագույն որակավորման կոմիտեն հաստատում գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը:

ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին որակավորման գործի համապատասխանության և մասնագետի դրական եզրակացության դեպքում Բարձրագույն որակավորման կոմիտեն հաստատում է խորհրդի որոշումը թեկնածուական ատենախոսության համար` այն Կոմիտե մուտքագրվելու օրվանից երեք, իսկ դոկտորական ատենախոսության համար` հինգ ամսվա ընթացքում և հանձնում է գիտական աստիճանի վկայագիր:

  • Ի՞նչժամանակաընթացքում է Բարձրագույն որակավորման կոմիտեն քննարկում գիտական կոչում շնորհելու հարցը:

Բարձրագույն որակավորման կոմիտեն գիտական կոչում շնորհելու հարցը քննարկում է համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում:

  • Ինչ է պահանջվում օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցման համար, եթե տվյալ անձը ներկա չէ ՀՀ-ում։

Գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը՝ համարժեքության ճանաչումը և հաստատումը, կատարվում է գիտնականի դիմումի հիման վրա՝ լիազոր մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի և հրատարակված գիտական աշխատանքների առկայությամբ:

Եթե տվյալը անձը ներկա չէ Հայաստանի Հանարպետությունում, ապա համապատասխանեցման գործընթացը իրականացնում է նրա կողմից լիազորված անձը՝ լիազորագրի և գիտական աստիճանի վկայագրի բնօրինակի առկայության դեպքում։

Համապատասխանեցման ենթակա վկայագրի ՀՀ-ում թարգմանության և նոտարական վավերացման համար անհրաժեշտ է կոչումը շնորհած երկրի համապատասխան պետական մարմնի ապոստիլի առկայությունը։

  • Ինչպե՞ս է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կարգավորվում մասնագիտական դպրոց-ստուդիաների, ակումբների, կենտրոնների կրթական գործունեությունը: Այն լիցենզավորման ենթակա գործունեությո՞ւն է, թե՞ոչ:

Լիցենզավորման ենթակա են այն կրթական ծրագրերը, որոնք նշված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի «9.Կրթություն բնագավառ» բաժնում:
Կրթական ծրագրերն են`
հանրակրթական ծրագրեր՝ նախադպրոցական, տարրական, հիմնակական, միջնակարգ,
մասնագիտական կրթական ծրագրեր` նախնական (արհեստագործական/, միջին, բակալավրի, մագիստրոսի:
Միաժամանակ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալը: Մասնավորապես, մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ու որակավորման բարձրացմանը:
Վերոգրյալ հաստատությունները հանդիսանում են լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող միավորներ, որոնց գործունեությունը նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս սովորողների կրթական պահանջմունքների բավարարմանը, նրանց որակավորման բարձրացմանը, ուստի այն չի հանդիսանում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

  • Ո՞ր դեպքում է ուսումնական հաստատության կողմից տրված դիպլոմը համարվում պետական նմուշի ավարտական փաստաթուղթ:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հատատության կողմից տրված ավարտական փաստաթուղթն է:

  • Ո՞ր պահանջների բավարարման դեպքում է տրվում կրթական գործունեության լիցենզիա:

ՀՀ կառավարության 2009թ.հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով իրավաբանական անձը ՀՀ ԿԳ նախարարության լիցենզավորման գործակալություն է ներկայացնում`
հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմ,
լաբորատոր բազա և ուսումնական տարածք,
ուսումնամեթոդական ապահովում,
գրադարանային-տեղեկատվական համակարգեր,
ուսումնաարտադրական պրակտիկայի բազա:

  • Լիցենզավորման համար նախատեսված փաստաթղթերը կարելի՞ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:

ՀՀ ԿԳ նախարարության /www.edu.am/ էլեկտրոնային կայքէջում www.e-gov.am էլեկտրոնային կառավարման պատուհանով լիցենզավորման համար նախատեսված փաստաթղթերը կարելի ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ ըստ կայքի ցուցումների:

  • Քանի՞ օրվա ընթացքում է տրվում կրթական ծրագրերով գործունեության լիցենզիան:

Կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու թույլտվությունը՝ լիցենզիան, բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա է, որը տրվում է հայտատուի կողմից` փաստաթղթերը ներկայացնելուց 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նշված չէ:

  • Ինչպիսի՞ պարգևներ է շնորհում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շնորհում է`
1. հուշամեդալ,
2. պատվոգիր,
3. շնորհակալագիր,
4. գերազանց առաջադիմության մեդալ,
5. գովասանագիր

  • Ու՞մ է շնորհվում վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվում`
1.
ուսուցիչներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
2.
դաստիարակներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
3.
դասախոսներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
4.
կրթության ոլորտի աշխատակիցներին՝ առնվազն 15 տարվա ստաժ ունենալու դեպքում:

  • Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ` հանրակրթական ուսումնական հաստատությունից ստացված միջնակարգ կրթության ատեստատը և հիմնական կրթության վկայականը վերականգնելու համար:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
1. քաղվածք՝ շրջանավարտի ավարտած ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունից՝ ավարտական փաստաթղթի կորստի վերաբերյալ,
2.
գնահատականներով տեղեկանք՝ համապատասխան ուսումնական հաստատությունից,
3.
միջնորդագիր՝ համապատասխանաբար ՀՀ մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչություններից և նախարարության ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենի կողմից,
4.
անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը:

  • Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ` կորցրած դիպլոմի կրկնօրինակը վերականգնելու համար:

Դիպլոմի կրկնօրինակը վերականգնելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`
1. հայտարարություն թերթում՝ դիպլոմի կորստյան վերաբերյալ,
2.
ՀՀ ոստիկանությունից տեղեկանք՝ դիպլոմի կորստյան վերաբերյալ,
3.
միջնորդագիր՝ ուսումնական հաստատության տնօրենի կողմից,
4.
արխիվային տեղեկանք

  • Միջնակարգ կրթության ատեստատները և հիմնական կրթության վկայականները ուսումնական հաստատություններին տրամադրվու՞մ է վճարովի, թե՞ անվճար:

ՀՀ ԿԳ նախարարի 2010թ. հունիսի 22-ի 609-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն՝ վճարովի հիմունքներով ավարտական փաստաթղթերը տրվում են միայն ոչ պետական ուսումնական հաստատություններին:

  • Ո՞ր օտարերկրյա պետություններն են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնում կրթաթոշակներ` տվյալ երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով:

Ներկայումս ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է կրթաթոշակային ծրագրեր` Ռուսաստանի դաշնության, Բուլղարիայի Հանրապետության, Ռումինիայի, Լեհաստանի Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու համար:

  • Ի՞նչ կարգով են իրականացվում օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի համար մրցույթները:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կրթաթոշակային ծրագրերն իրականացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի 31.10.2011թ. N 1205 հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերովկարգի համաձայն:

  • Ի՞նչպես կարող են սփյուռքահայ դիմորդներն ընդունվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Սփյուռքահայ դիմորդները ՀՀ ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել ընդhանուր հիմունքներով և համաձայն ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի

  • Ի՞նչպես կարող են սփյուռքահայ դիմորդները սովորել անվճար հիմունքներով:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության կողմից սփյուռքահայերի համար տրամադրվում են 70 անվճար տեղեր` ՀՀ բուհերի բակալավրիատում ուսանելու նպատակով:

  • Ո՞ր մասնագիտությամբ կարող են սովորել անվճար համակարգում:

Անվճար տեղերը տրամադրվում են մանկավարժական, հայագիտական և արվեստի մասնագիտություններով դիմող դիմորդներին:

  • Ի՞նչպես են բաշխվում անվճար տեղերը:

Անվճար տեղերի բաշխմանը մասնակցելու համար դիմորդը պետք է նախատեսված կարգով հուլիսի 1-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնի իր փաստաթղթերը և մասնակցի գիտելիքների ստուգմանը: Հայոց լեզվին և մասնագիտական առարկաներին տիրապետելու պարագայում, բուհի քննական եզրակացության հիման վրա, դիմորդի գործը դրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ստեղծվող հանձնաժողովի նիստի քննարկմանը: Քննարկման արդյունքում անվճար ուսուցման իրավունք ստացած դիմորդները ՀՀ կրթության և գիտության նախարարության համապատասխան ուղեգիր-նամակով դիմում են բուհ` հետագա ձևակերպումները կատարելու համար:

  • Եթե սփյուռքահայ դիմորդը հանդիսանում է երկքաղաքացի և ավարտել է դպրոցը Հայաստանում, կարո՞ղ է դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կարգով:

Սփյուռքահայ դիմորդը, ով հանդիսանում է երկքաղաքացի և ավարտել է դպրոցը Հայաստանում, կարող է դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կարգով:

  • Ի՞նչ է հարատև կրթությունը:

Հարատև կրթությունը անձի՝ ամբողջ կյանքի ընթացքում ձեռք բերած ուսուցման գործընթացն է՝ ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության միջոցով, որի արդյունքում անհատը ձևավորում կամ կատարելագործում է իր գիտելիքները, կարողությունները և հմտությունները, ինչպես նաև արժեհամակարգը:

  • Ի՞նչ է ոչ ֆորմալ կրթությունը:

Ոչ ֆորմալ կրթությունը (ուսուցումը)՝ կրթության լրացուցիչ ուսուցման, ներառյալ արտադպրոցական ծրագիր կամ ծրագրերի ամբողջություն է, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության և (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի։

  • Ի՞նչ է ինֆորմալ կրթությունը:

Ինֆորմալ կրթությունը անձի՝ առօրյա և ընտանեկան կյանքի, հանգստի, ժամանցի, աշխատանքային գործունեության և այլ տարբեր գործողությունների արդյունքում ձեռք բերված ուսուցումն է, որի արդյունքները, որպես կանոն, կանխամտածված չեն անձի կողմից որպես նպատակային ուսումնառություն, կազմակերպված և համակարգված չեն ժամանակի կամ ռեսուրսների առումով, չեն հանգեցնում արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

  • Որո՞նք են այն իրավական փաստաթղթերը, որոնց հիման վրա իրականացվում է օտարերկրյա որակավորումների /դիպլոմների, սերտիֆիկատների, վկայականների/ ճանաչումը ՀՀ-ում:

ՀՀ-ում օտարերկրյա կրթական փաստաթղթերի ճանաչման գործընթացն իրականացվում է Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի, առանձին երկրների հետ գոյություն ունեցող միջպետական և փոխճանաչման համաձայնագրերի և ազգային կրթական օրենսդրության համաձայն:

  • Որո՞նք են ՀՀ-ում օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացնող մարմինները:

Օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացվում է տարբեր մարմինների կողմից` ակադեմիական կամ մասնագիտական գործունեություն ծավալելու համար` Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ), բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են տվյալ ոլորտի համար:

  • Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որակավորումների ճանաչման համար:

Կրթական փաստաթղթի գնահատման համար անհրաժեշտ է ներկայացնել`
Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն:
Կրթությունը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն):
Կրթությունը հաստատող փաստաթղթի ներդիր, հավելված կամ այլ նմանատիպ փաստաթուղթ, որոնցում նշված են կրթական ծրագրի մանրամասները` ուսումնական վերջնարդյունքներ, կրեդիտներ, գնահատականներ, ավարտական պահանջներ և այլն (բնօրինակ և/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն):
Այլ տիպի ապացույցներ, այդ թվում` նախորդ կրթությունը հավաստող փաստաթղթեր, մասնագիտական գործունեություն ծավալելու թույլտվություն, աշխատանքային փորձը հաստատող փաստաթղթեր:
Վճարման անդորրագիր:

  • Ինչպիսի՞ տեղեկանքներ է տրամադրում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը:

ԱՓՇԱՏԿ-ը տրամադրում է որակավորումների ճանաչման, խորհրդատվական և այլ տիպի տեղեկանքներ: Ճանաչման և խորհրդատվական տեղեկանքներն ունեն միասնական ձևաչափ, որի մեջ ներառվում է բուհի հավատագրման, կրթական ծրագրի որակի, տևողության և կրթության ձևի, կրեդիտների քանակի, որակավորման մակարդակի և դրա ակադեմիական և մասնագիտական իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն: Այլ տիպի տեղեկանքները մեծամասամբ վերաբերվում են գնահատման և կրեդիտային համակարգերին, կրթական ծրագրերին, որակավորումների ազգային շրջանակներին և այլն:

  • Որո՞նք են այն իրավական փաստաթղթերը, որոնց հիման վրա իրականացվում է օտարերկրյա որակավորումների /դիպլոմների, սերտիֆիկատների, վկայականների/ ճանաչումը ՀՀ-ում:

ՀՀ-ում օտարերկրյա կրթական փաստաթղթերի ճանաչման գործընթացն իրականացվում է Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի, առանձին երկրների հետ գոյություն ունեցող միջպետական և փոխճանաչման համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաև ազգային կրթական օրենսդրության համաձայն:

  • Որո՞նք են ՀՀ-ում օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացնող մարմինները:

Օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացվում է տարբեր մարմինների կողմից` ակադեմիական կամ մասնագիտական գործունեություն ծավալելու համար` Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ), բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են տվյալ ոլորտի համար:

  • Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որակավորումների ճանաչման համար:

Կրթական փաստաթղթի գնահատման համար անհրաժեշտ է ներկայացնել`

  • անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճեն,
  • կրթությունը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն),
  • կրթությունը հաստատող փաստաթղթի ներդիր, հավելված կամ այլ նմանատիպ փաստաթուղթ, որում նշված են կրթական ծրագրի մանրամասները` ուսումնական վերջնարդյունքներ, կրեդիտներ, գնահատականներ, ավարտական պահանջներ և այլն (բնօրինակ և/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն),
  • այլ տիպի ապացույցներ, այդ թվում` նախորդ կրթությունը հավաստող փաստաթղթեր, մասնագիտական գործունեություն ծավալելու թույլտվություն, աշխատանքային փորձը հաստատող փաստաթղթեր,
  • վճարման անդորրագիր:
  • Ինչպիսի՞ տեղեկանքներ է տրամադրում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը:

ԱՓՇԱՏԿ-ը տրամադրում է որակավորումների ճանաչման, խորհրդատվական և այլ տիպի տեղեկանքներ: Ճանաչման և խորհրդատվական տեղեկանքներն ունեն միասնական ձևաչափ, որի մեջ ներառվում է բուհի հավատագրման, կրթական ծրագրի որակի, տևողության և կրթության ձևի, կրեդիտների քանակի, որակավորման մակարդակի և դրա ակադեմիական և մասնագիտական իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն: Այլ տիպի տեղեկանքները մեծամասամբ վերաբերվում են գնահատման և կրեդիտային համակարգերին, կրթական ծրագրերին, որակավորումների ազգային շրջանակներին և այլն: