Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը ս. թ. հունիսի 25-ից 29-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Չեխովյան միջազգային 14-րդ թատերական փառատոնին` Տ. Դորստի «Я здесЪ» ներկայացմամբ: Փառատոնի շրջանակում ներկայացման ցուցադրումը տեղի է ունեցել երկու անգամ Վ. Մայակովսկու անվան թատրոնի բեմում:

Ներկայացման ռեժիսոր՝ Տաթևիկ Մելքոնյան, դերասաններ՝ Արամ Կարախանյան և Միքայել Վաթինյան, սպասարկող անձնակազմ՝ Արամ Աղաջանյան, Հայկ Իսրաելյան, Գևորգ Սահակյան: Թատրոնի տնօրեն՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայան:

Հայաստանյան պատվիրակությունից բացի Չեխովյան փառատոնին մասնակցում էին նաև Անգլիայից, Թայվանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Բրազիլիայից, Վրաստանից, Շվեցարիայից, Գերմանիայից և այլ երկրներից: 22 թատրոն, 22 ներկայացմամբ, 10 լեզվով 73 անգամ ներկայացրել են իրենց գլուխգործոցները աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկում:

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում 1992 թվականին է ծնունդ առել Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնը, որը հենց նույն տարում ընդունվել է թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի կողմից` դառնալով փառատոնի հիմնադիրը: Վալերի Շադրինը դարձավ փառատոնի կազմակերպիչն ու ղեկավարը: Նրա կողքին էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Կիրիլ Լավրովը և Օլեգ Եֆրեմովը: Փառատոնը 25 տարիների գործունեությամբ հանդիսատեսին ծանոթացրել է թատերական լեգենդար անունների հետ՝ Ջորջո Ստրելլա, Փիթեր Բրուք, Պետեր Շտայն, Պատրիս Շերո, Օտոմար Կրեյչի, Արիան Մնուշկին, Ռոբերտ Ուիլսոն, Քրիստիան Լյուպա, Ռոմեո Կաստելլուչչի, Նաչո Դուատո, Դզյո Կանամորի և այլք: Փառատոնը վաղուց դադարել է լինել եվրոպական, նրա սահմանները վաղուց ընդարձակվել են` ներգրավելով Հարավային Ամերիկայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի թատերական աշխարհի ներկայացուցիչների: