Այս օրերին Թբիլիսիում տեղի է ունենում Եվրոպական Միության Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում անցկացվող «Համընդհանուր արժեքների խթանում կրթության և մշակույթի միջոցով» համաժողովը, որին Հայաստանից մասնակցում են պետական գերատեսչությունների, բուհերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Փոխնախարարը կարևորել է կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև արժեքների ձևավորման համատեքստում: «Նախարարությունը նպատակ ունի նպաստել այնպիսի արժեքների ձևավորմանը, որոնք կօգնեն քաղաքացիներին իրենց տեղը գտնել հասարակության մեջ: Այս առումով Հայաստանում այժմ վերանայման գործընթացում են դպրոցական բոլոր ուսումնական ծրագրերը, որպեսզի համոզվենք՚ արդյոք վերոնշյալ արժեքները գտնվում են ցանկացած առարկայի առանցքում»,-նշել է Լուսինե Առաքելյանը: