Դպրոցականների՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերը շարունակվում են: Այս անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շուրջ 30 դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ): Նրանց ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ինստիտուտի տնօրեն Գևորգ Քառյանը:

Այցի ընթացքում դպրոցականները Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների ուղեկցությամբ շրջել են լաբորատորիաներում, ծանոթացել սարքավորումներին, դրանց նշանակությանը, զրուցել գիտնականների հետ, նրանց ուղղել իրենց հուզող հարցերը, դիտել և մասնակցել գիտական փորձերի՝ անմիջական շփմամբ ծանոթանալով գիտական աշխատանքի միջավայրին։

Նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցել է աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ և հետաքրքրությունների շրջանակով:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ գիտական ինստիտուտներ այցերն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվեն և դիտվեն որպես ուսումնական բաղադրիչ․ «Ակնհայտ է, որ այցելելով և անմիջականորեն ծանոթանալով գիտական միջավայրին, աշակերտները մեծ տպավորություններ են ստանում, ինչը կարող է նաև մասնագիտական կողմնորոշման, հետագա կյանքի կարևոր որոշումների կայացման խթան լինել: Պետք է ՀՀ բոլոր դպրոցականներին տրվի այս հնարավորությունը՝ որպես կրթական ծրագրի մաս»:

Աշակերտներն իրենց հերթին փաստել են, որ այցը նոր տեսանկյունից է բացահայտում գիտության աշխարհը, և այն, ինչը թվում էր բարդ և անհասկանալի, այստեղ ներկայացվում է հետաքրքրական և մատչելի մոտեցմամբ: Դա, ըստ նրանց, մեծացնում է գիտությամբ նկատմամբ հետաքրքրությունը:

ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրերով Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան վերջին տարիներին շարունակաբար համալրվում է նոր սարքավորումներով։ Տնօրեն Գևորգ Քառյանի խոսքով՝ գիտական հետազոտություն անելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան են ժամանում երիտասարդ գիտնականներ, ինչպես նաև ինստիտուտի գիտաշխատողները հնարավորություն են ունենում մասնագիտական վերապատրաստումներ անցնելու միջազգային տարբեր հարթակներում:

Տեղեկացվել է, որ ինստիտուտում իրականացվում են լաբորատոր սրահի, գիտությունն աշակերտների համար հանրամատչելի ներկայացնելու միջավայրի և թանգարանաստեղծման աշխատանքներ: Այցի մասնակիցները եղել են նաև Ռադիուզոտոպների արտադրության կենտրոնում, որն անմիջականորեն աշխատում է Ֆիզիկայի ինստիտուտի հետ: Կենտրոնում պետական աջակցությամբ իրականացվում են վերանորոգման և սարքավորումներով հագեցման աշխատանքներ, ինչը կբերի որակի կտրուկ բարձրացման՝ հնարավորություն ստեղծելով միջազգային կենտրոնների հետ քայլել զուգահեռ:

ԿԳՄՍ նախարարի և դպրոցականների՝ գիտական ինստիտուտներ այցերը կլինեն շարունակական․ ծրագրին կարող են մասնակցել 7–12-րդ դասարաններում սովորող, գիտությամբ հետաքրքրվող դպրոցականները։ Մասնակցելու ցանկություն ունեցող աշակերտները կարող են դիմել՝ գրելով նախարարի պաշտոնական էլփոստին` zhanna.andreasyan@escs.am։