ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցում ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը: Մինչ միջոցառման մեկնարկը նախարարի տեղակալը շրջել է դպրոցում և ծանոթացել Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում կազմակերպած ամփոփիչ նախագծային աշխատանքներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2025-2026 ուսումնական տարին հռչակել է անվտանգ և ապահով կրթության տարի: Այս համատեքստում դպրոցի 7-9-րդ դասարանների սովորողները ներկայացրել էին բնագիտական և հումանիտար առարկաների և դրանց հարակից ոլորտներին վերաբերող նախագծային աշխատանքներ:
Ցուցադրված աշխատանքներում ներկայացված էին սովորողների պատրաստած QR-կոդերը, տեսանյութերը, մանրակերտները, կրթական խաղերը, նկարչական և ձեռագործ աշխատանքները, տեղեկատվական պաստառները, բուկլետները, որոնք ստեղծվել են նաև արհեստական բանականության կիրառմամբ: Արաքսիա Սվաջյանը դիտել է ներկայացված նախագծային աշխատանքները, սովորողների հետ զրուցել նոր ուսումնական ծրագրերի մասին, հետաքրքրվել ԱԲ գործնական կիրառմամբ:
Պարույր Սևակի կյանքին և գործունեության կարևոր դրվագներին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով բեմականացմանը մասնակցում էին տարբեր դասարանների աշակերտները՝ ներկայացնելով յուրօրինակ հաշվետվություն դպրոցի գեղագիտական ու հայրենաճանաչման աշխատանքների վերաբերյալ:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և նշել, որ անչափ տպավորված է դպրոցականների համարձակությամբ, ստեղծագործական մոտեցումներով և նորարար գաղափարներով. «Կարծում եմ, որ սա ուսումնական տարվա հիանալի ամփոփում է․ հատկապես նրանք, ովքեր արդեն ավարտում են դպրոցը, հնարավորություն ունեցան ցույց տալ, թե հիմնական դպրոցում տարբեր առարկաներից ինչպիսի գիտելիքներ և կարողություններ են ձեռք բերել:
Պարույր Սևակի գրական ժառանգության շրջանակում երեխաները ներկայացրեցին իրենց իմացությունն ու կարողությունները գրականությունից, պատմությունից, գեղագիտությունից, ասմունքից և այլն: Վստահ եմ, որ խելացի, մտածող և արժեքները հավասարակշռող նոր սերունդը հզորացնելու, շենացնելու է մեր երկիրը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ շնորհակալություն հատնելով նաև ուսուցիչներին՝ կատարած պատասխանատու աշխատանքի համար։