Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի էստրադային երգեցողության բաժնի ուսանողների տարեվերջյան հաշվետու համերգը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը, անվանի կոմպոզիտորներ, դասախոսներ, երաժշտաոլորտի ներկայացուցիչներ:

Տարեվերջյան հաշվետու համերգը կրում էր «Սերունդների խաչմերուկ» խորագիրը, որի շրջանակում քոլեջի ուսանողները հանդես են եկել Էստրադային կատարումներով:

Ավարտական բացառիկ համերգի ընթացքում երիտասարդ կատարողների ելույթներն ուղեկցվում էին մեծանուն ու վաստակաշատ կոմպոզիտոներ Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Ավետիս Բերբերյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Արամ Սաթյանի, Նարինե Զարիֆյանի, Նաիրա Դիվանյանի, Էդգար Գյանջյումյանի անմիջական նվագակցությամբ։

Համերգային ծրագրում հնչել են Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Երվանդ Երզնկյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի, Արամ Սաթյանի, Արթուր Գրիգորյանի, Նաիրա Դիվանյանի և հայտնի այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Արաքսիա Սվաջյանը մեծապես կարևորել է ուսանողների շփումն ու համատեղ աշխատանքն անվանի կոմպոզիտորների հետ, ինչը համագործակցության լավագույն ու բացառիկ օրինակ է: Նրա դիտարկմամբ՝ այս համագործակցությունը նպաստում է որակյալ մասնագիտական կրթության և կատարողական արվեստի փոխանցելիության ապահովմանը:

««Սերունդների խաչմերուկ» խորագրով համերգը մեր անվանի կոմպոզիտորների և քոլեջի ուսանողների բացառիկ հանդիպումն էր: Հատկանշական է, որ համերգը մեկնարկեց մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջյանյանի հիասքանչ ստեղծագործությունների հնչյունների ներքո և շարունակվեց ժամանակակից հայ կոմպոզիտորների հեղինակած ստեղծագործությունների կատարումներով: Նկատելի էր, որ ուսանողները բարձր պատասխանատվությամբ էին պատրաստվել և կատարում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնցից շատերը ներկա էին և անգամ նվագակցում էին ուսանողներին: Այս հանդիպումը նոր հնարավորություն է բացում ուսանողների, շրջանավարտների համար: Այդ տեսակետից արվեստի քոլեջներն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում մասնագիտական կրթության համակարգում՝ մի կողմում արվեստն է, մյուս կողմում՝ կրթությունը: Այս և նմանօրինակ միջոցառումները հնարավորություն են ընձեռում տեսնել, թե կրթությունը ինչպես է կերտում արվեստ, ինչպես է ձևավորում մեր ուսանողներին, շրջանավարտներին, ապագա արվեստագետներին, կատարողներին: Սա նաև մեծ հնարավորություն էր ներկայացնելու և ամփոփելու ամբողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքները: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն այն կարևոր ուսումնական հաստատություններից է, որից սկիզբ է առնում մեծ և պատասխանատու ճանապարհի սկիզբը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նշենք, որ «Սերունդների խաչմերուկ» խորագրով համերգը կազմակերպել էին Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս Շուշանիկ Բրուտյանը, տնօրեն Վարազդատ Խաչումյանը, քոլեջի դաախոսական կազմը։