ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է «#ԵՀՍԿ35. արվեստ առանց սահմանների փառատոն» նախագիծը, որի գլխավոր միջոցառումը կայացել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ ԵՀՍԿ 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Հոբելյանական միջոցառման ընթացքում կենտրոնի սաները հանդես են եկել «Էթնո քոլորս» խմբի և կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ: Ցուցադրվել է նաև ԵՀՍԿ-ի անցած ուղին ներկայացնող վավերագրական ֆիլմ, իսկ օրվա խորհուրդը ամբողջացրել է կենտրոնի սաների նկարչական, դեկորոտիվ-կիրառական, ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը:

Բացվել է նաև «Իմ գույնը կարևոր է» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են կենտրոնի սաների աշխատանքները: Նախագիծն արդեն իսկ սոցիալական հարթակներում արժանացել է հանրության հավանությանը:

Կենտրոնի սաների՝ արվեստի ուրույն աշխարհի մասին պատմող լուսանկարչական աշխատանքները հունիսի 3-ին կցուցադրվեն նաև Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է կենտրոնի սաներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և նշել, որ երեխաների պաշտպանությունը նախ և առաջ պետք է դիտարկել ներառականության համատեքստում, առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին ինտեգրել ընդհանուր սկզբունքների և գործընթացների մեջ: Կարևորելով մշակութային կրթության, ներառականության և հավասարության արժեքները՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ինտեգրումն անհրաժեշտ է կազմակերպել հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցներում և մշակույթի կենտրոններում:

«Նախարարության ենթակայությամբ գործող Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն արդեն 35 տարի իրականացնում է իր բացառիկ առաքելությունը՝ ապահովելով անվճար գեղարվեստական կրթություն հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 960 երեխայի համար: Կենտրոնի 148 ստեղծագործական խմբակները գործում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ դառնալով այն կարևոր հարթակը, որտեղ տարբեր կարիքներ ունեցող երեխաները գտնում են ինքնահաստատման ուղին և սոցիալական ներառման իրական հնարավորություն»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կենտրոնի կողմից իրականացվող մասնագետների վերապատրաստման դասընթացներին և նշել, որ կառույցն իր մշակած մեթոդաբանությամբ և մասնագիտական կարողունակություններով կարող է հանդիսանալ ռեսուրս կենտրոն։

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը 2022 թվականից իրականացնում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը: Այս նախաձեռնությունը կարևոր և առաջնահերթ քայլ է մշակութային կրթության ոլորտում՝ արվեստի միջոցով բոլոր երեխաներին հավասար հնարավորություններ ընձեռելու և կրթության ներառականությունը խթանելու ուղղությամբ:

Դանիել Դանիելյանի խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երաժշտական և արվեստի դպրոցների դասատուների դասավանդման ներառական հմտությունները, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, վերացնել կարծրատիպերը և խթանել հավասար պայմաններում կրթության իրավունքը։

«Մանկավարժները դասընթացների ավարտից հետո գործնականում կիրառում են նոր գիտելիքները՝ աշխատելով հաշմանդամություն ունեցող երեխաների հետ։ Մասնակիցները ձեռք են բերում հմտություններ, որոնք նպաստում են հատուկ կարիքներով երեխաների կրթական ներառմանը և մշակութային ներգրավվածությանը՝ դառնալով հավասարության իրական խթան»,- ասել է նախարարի տեղակալը։

Դասընթացները ներառում են տեսական և գործնական պարապմունքներ՝ ներառական կրթության մեթոդաբանության, միջավայրի հարմարեցման մեխանիզմների, մանկավարժական էթիկայի և այլ հիմնարար թեմաների վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվել է Երևանում և մարզերում։