ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է «Հիշողության թելեր» ծրագիրը, որը միավորում է սերունդներին՝ պահպանելու և փոխանցելու հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը։
Այս ծրագրում ավագ սերունդը դառնում է ուսուցիչ, իսկ աշխարհի տարբեր երկրների հայկական սփյուռքից եկած երիտասարդները՝ ժառանգորդ։ Տարեց կանայք ոչ միայն սովորում և ակտիվանում են, այլև իրենց գիտելիքն ու հմտությունները փոխանցում սփյուռքահայ երիտասարդներին՝ ստեղծելով կենդանի կամուրջ անցյալի և ապագայի միջև։
Սա նաև բացառիկ հնարավորություն է այդ երիտասարդների համար, որոնք ցանկանում են վերագտնել իրենց արմատները, բացահայտել իրենց մշակութային ինքնությունը ոչ թե գրքերից, այլ կենդանի շփման միջոցով։ Ավագ սերնդի հետ կողք կողքի աշխատելով՝ նրանք սովորում են հայկական ասեղնագործության և կարպետագործության հմտություններ։
Դասերը վարում է փորձառու ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանը, որը սովորեցնում է ոչ միայն ասեղնագործության և կարպետագործության գիտելիքներ, այլև ծանոթացնում մշակութային ժառանգության առանձնահատկություններին։
Ծրագրի նպատակը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու փոխանցումն է տարեց կանանց՝ սոցիալական ներառման խթանման և սփյուռքահայ երիտասարդների հետ միջսերնդային ու մշակութային կապերի ամրապնդման միջոցով:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի «Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի 11-րդ թողարկումն անդրադարձել է Հայաստանում իրականացվող «Հիշողության թելեր» ծրագրին: