Թանգարանային ոլորտի աշխատակիցների համար կներդրվի մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգ՝ ատեստավորման միջոցով։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

Որոշմամբ Կառավարությունը 151.8 մլն դրամ կհատկացնի՝ ԿԳՄՍ նախարարության այս տարվա բյուջեում կատարելով վերաբաշխում։ Նոր կարգավորումը կարող է ապահովել շուրջ 583 թանգարանային աշխատողների ամսական եկամտի բարձրացում:

Արդեն իսկ մշակվել և հաստատվել է թանգարանային աշխատողների ատեստավորման կարգը, որը հաստատված է ԿԳՄՍ նախարարի հրամանով։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հատկացնելով անհրաժեշտ միջոցները՝ հնարավոր կլինի մեկնարկել ատեստավորման գործընթացը թանգարանային ոլորտում։ Այն կներառի բանավոր և գրավոր թեստավորման փուլերի համակցություն։ Արդեն հուլիսից ատեստավորումը հաջողությամբ հաղթահարած աշխատակիցները կստանան համապատասխան հավելավճարները։

«Միջին հաշվով նախատեսում ենք վարձատրության շուրջ 57 տոկոս աճ։ Առանձնացվել է պաշտոնների 8 խումբ, քանի որ ոլորտում կան տարբեր մասնագիտական գործառույթներ իրականացնող աշխատակիցներ։ Արդյունքում՝ միջին ամսական աշխատավարձը կհասնի շուրջ 200 հազար դրամի»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը։

Նա նաև տեղեկացրել է՝ ատեստավորումը հաղթահարելու պարագայում թանգարանային աշխատողների մեծամասնության համար հասանելի կդառնա նաև առողջապահական ապահովագրության համակարգից օգտվելը, ինչը լրացուցիչ սոցիալական երաշխիքներ կապահովի ոլորտի աշխատակիցների համար։ Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ հաջորդիվ ծրագրերում է արդեն միջնաժամկետ պլանավորման փուլում նմանօրինակ մեխանիզմների ներդրումը գրադարանային ոլորտում։

Թանգարանային ոլորտի զարգացումը մշակույթի զարգացման ռազմավարության առաջնահերթություններից է, որը դիտարկվում է նաև տնտեսական կենսունակության համատեքստում՝ հաշվի առնելով մշակութային զբոսաշրջության մեծ կշիռը Հայաստանի զբոսաշրջային ընդհանուր հոսքերում: Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ երկու տարի առաջ ընդունվել է «Թանգարանների մասին» օրենքը, որը ոլորտի առաջին համապարփակ օրենսդրական կարգավորումն է։ Նրա խոսքով՝ իրականացվել են նաև ոլորտի կառավարման, ֆինանսավորման, աշխատանքի որակի բարձրացման և միջազգայնացմանն ուղղված բազմաթիվ քայլեր։

«Ձեռնարկված հետևողական քայլերի արդյունքում 2025 թվականին թանգարանների սեփական եկամուտները, 2022 թվականի համեմատ, աճել են 859 միլիոն դրամով կամ 112 տոկոսով։ Արդյունքում՝ սեփական եկամուտների ծավալը 770 միլիոն դրամից դարձել է 1.63 միլիարդ դրամ, իսկ դրանց մասնաբաժինը ընդհանուր ֆինանսավորման կառուցվածքում 26 տոկոսից հասել է շուրջ 38 տոկոսի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ թանգարանների սեփական եկամուտներում ավելացել է նաև հուշանվերների վաճառքի մասնաբաժինը՝ կազմելով տարեկան եկամուտների շուրջ 10 տոկոսը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ներկայում բարեփոխումներ են իրականացվում նաև հուշանվերների արտադրության, մասնավոր հատվածի հետ համագործակցության և թանգարաններում վաճառասրահների նոր մշակույթի ձևավորման ուղղություններով։ Մասնավորապես՝ Կառավարության վերջին նիստերից մեկում ընդունված որոշումներով համապատասխան միջոցներ են հատկացվել նաև Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման համար։

«Ընդլայնվել են նաև թանգարանների գործառույթները՝ թվայնացման, միջազգային ցուցադրությունների կազմակերպման, աճուրդների մշտադիտարկման և այլ մասնագիտական հմտություններ պահանջող նոր գործառույթների ավելացմամբ։ Միայն անցյալ տարի մեր թանգարաններն ունեցել են 18 միջազգային ցուցադրություն։ Արդեն ավանդույթ է դառնում նաև Հայաստանի անկախության օրը նշանավորել հեղինակավոր թանգարանների հետ համատեղ ցուցադրություններով։ Օրինակ՝ նախորդ տարի Լուվրի հետ համատեղ ցուցադրություն է կազմակերպվել Պատմության թանգարանում, իսկ այս տարի նմանօրինակ ցուցադրություն է նախատեսվում Բեռլինի թանգարանի հետ համագործակցությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Ընթացող բարեփոխումները պահանջում են նաև ոլորտում մրցունակ վարձատրության ապահովում, որը թույլ կտա թանգարանների կառավարման, արժեքների պահպանման և ծառայությունների մատուցման բարելավում ունենալ։

Այս նպատակով էլ մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ է ներդրվում՝ հաշվի առնելով տարբեր ոլորտներում ատեստավորման նմանօրինակ մոդելների ներդրման արդյունավետ փորձը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև հուշանվերների վաճառքին, թանգարանների միջազգային ներկայացվածության բարձրացմանը և սեփական եկամուտների ձևավորմանը վերաբերող հարցերին։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ատեստավորման նոր համակարգը վերաբերում է թանգարանային ոլորտի աշխատակազմին, իսկ տնօրենների համար գործում է առանձին մոտիվացիոն մեխանիզմ՝ կապված թանգարանի սեփական եկամուտների ծավալի հետ։

«Տնօրենների հավելավճարների համակարգը կապել ենք թանգարանի սեփական եկամուտների հետ։ Սա լրացուցիչ խթան է՝ եկամուտների ավելացման և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Արդեն տեսնում ենք, որ նման մոտեցումն էական ազդեցություն է ունենում թե՛ աշխատանքի որակի, թե՛ մուտքերի աճի վրա»,- նշել է նախարարը։

Նա ընդգծել է նաև, որ 2021 թվականի համեմատ թանգարանային այցելությունների թիվն աճել է շուրջ 40 տոկոսով՝ նախորդ տարի հասնելով 1 միլիոն 353 հազարի։

«Սակայն մեզ համար կարևոր է ոչ միայն այցելությունների թվի աճը, այլև որակական փոփոխությունը։ Մշակույթի ոլորտում այսօր տեղի ունեցող փոփոխությունները ցույց են տալիս, որ մարդիկ տեսնում են իրենց ներուժը և կարող են իրենց մասնագիտական գործունեությամբ ունենալ արժանապատիվ արդյունք՝ միաժամանակ արժանավայել ներկայացնելով մշակույթը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Նշվել է նաև, որ վերջին տարիներին Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացնում թանգարանային արժեքավոր ցուցանմուշների ձեռքբերման համար։

Մասնավորապես՝ միջոցներ են հատկացվել և Լոնդոնի միջազգային աճուրդից ձեռք է բերվել և Հայաստան է տեղափոխվել բացառիկ մշակութային արժեք համարվող 1188 թ. պատրաստված և քանդակված փայտյա դռան փեղկը, որն այժմ ցուցադրված է Հայաստանի պատմության թանգարանում։ Նույն գործընթացի շրջանակում ձեռք է բերվել նաև Արշիլ Գորկու կտավը, Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը նվիրաբերվել է Մաշտոցի անվան Մատենադարանին և այլն։