Տավուշի մարզի Դիլիջան համայնքի դեպի Պարզ լիճ տանող 5 կմ հատվածում Մայիսի 29-30-ը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ եզրափակիչ խաղերին ընդառաջ մասնակիցների, մարզիչների և մրցավարների համար կկազմակերպվի ճամբար:
Մրցաշարի 1-ին՝ մարզային փուլն անցկացվել է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում՝ մայիսի 1-ից 15-ը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն մարզային և Երևանի քաղաքային փուլերում 1-ին տեղերը գրաված դպրոցների թիմերը (ընդամենը 11 թիմ, կազմում՝ 5 տղա և 2 աղջիկ):
2026 թվականին մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 470 դպրոցի 3290 աշակերտ (2025 թվականին՝ 381 դպրոցի 2667 աշակերտ): Եզրափակչում հանդես կգան Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական, Արագածոտնի մարզի Հարթավանի միջնակարգ, Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ, Արմավիրի մարզի Ջրառատի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ, Գեղարքունիքի մարզի Ծակքարի միջնակարգ, Լոռու մարզի Վանաձորի Գևորգ Չավուշի անվան թիվ 24 միջնակարգ, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 10 ավագ, Շիրակի մարզի Բայանդուրի միջնակարգ, Սյունիքի մարզի Կապանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ, Վայոց ձորի Արենիի միջնակարգ և Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցների թիմերը:
Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակից դպրոցականները կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով: Պարգևատրման գումարը նախատեսված է դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:
Կպարգևատրվեն նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի աշակերտները կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ: