ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցում ներկա է եղել 9-րդ դասարանի բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) ավարտական քննության նախագծային աշխատանքներից մեկի ներկայացմանը:

Համաձայն հանրակրթական նոր չափորոշչի՝ 2025-2026 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի բոլոր սովորողները բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող են հանձնել նաև ուսումնական նախագծի ձևաչափով՝ միաժամանակ պահպանելով թեստային եղանակով քննություն հանձնելու հնարավորությունը։

Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոց 9-րդ դասարանցիները իրականացրել են տեսական և գործնական նախագծային աշխատանք «Երկրաշարժ» թեմայով՝ ներկայացնելով համակողմանի տեղեկատվություն այդ երևույթի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական, աշխարհագրական բնույթի և հետևանքների մասին:

Նախագծային աշխատանքի ներկայացումից հետո նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է աշակերտներին և հաջողություն մաղթել քննությունների մեկնարկի առիթով:

«Դուք Հանրակրթական նոր չափորոշչով ավարտող առաջին շրջանավարտներից եք, որոնք 9-րդ դասարանի բնագիտական առարկայի ավարտական քննությունը հանձնում են նախագծային աշխատանքի ձևաչափով: Ներկայացրած աշխատանքը, թեմայի վերաբերյալ տեսական ու գործնական գիտելիքների ծավալը, թիմային ոգին, ստեղծարար մոտեցումները հավաստում են, որ նախագծային աշխատանքով քննության կազմակերպումը ճիշտ մոտեցում է: Թեմայի շրջանակում դուք անդրադարձել եք տարբեր առարկաների, տարբեր բնագավառների՝ շինարարությանը, ճարտարապետությանը, անվտանգությանը և այլ հարցերի, որոնք, հուսով եմ, ձեզ համար կարևոր են նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից։ Միգուցե ձեզանից ոմանք մտածել են երկրաբան, ճարտարապետ, շինարար, քիմիկոս, ֆիզիկոս, կենսաբան կամ աշխարհագրագետ դառնալու մասին։ Ինչ ճանապարհ էլ որ ընտրեք, կարևոր է, որ լավ մասնագետ դառնաք և կարողանաք գործատուների և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանել»,- նշել է նախարարի տեղակալը և շրջանավարտներին մաղթել հաջողություն:

Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոց 9-րդ դասարանի շրջանավարտները բնագիտության նախագծային աշխատանքի շրջանակում հանդես են եկել 6 խմբով՝ ամեն խմբում յոթական աշակերտ: Սովորողները նախագծային աշխատանքն իրականացրել են «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» կամ «Աշխարհագրություն» առարկաներից՝ իրենց ընտրությամբ։ Նախագիծը ներառում է բնագիտական առարկաների համադրություն, որը համապատասխանում է 7–9-րդ դասարանների ուսումնական ծրագրերի բովանդակությանը։

Նշենք, որ նախագծային աշխատանքի միջոցով քննություն հանձնելու մոտեցումը ներդրվել է՝ հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների 1–11-րդ դասարաններում արդեն ներդրված են Հանրակրթության պետական չափորոշչի վրա հիմնված նոր ուսումնական ծրագրերը։