ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Արարատի պետական քոլեջի «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության շրջանավարտների վերջին դասին։
Շնորհավորելով նրանց՝ նախարարի տեղակալը մաղթել է նպատակների և երազանքների իրականացում, վերելքներ և հաջողություններ մասնագիտական հետագա գործունեության ճանապարհին։ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ քոլեջի շրջանավարտներն արդեն մասնագետներ են և կարող են իրենց տեղը գտնել աշխատաշուկայում։ Միաժամանակ, նա հաջողություններ է մաղթել կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող ուսանողներին՝ ընդգծելով, որ սովորելը մշտապես նոր հնարավորություններ և ճանապարհներ է բացում։
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այս բնագավառի հետ առնչվում են բոլորը, և այս ոլորտում առանձնահատուկ կարևորություն ունեն բանիմաց ու մարդկային վերաբերմունք ունեցող մասնագետները։
Նախարարի տեղակալի խոսքով՝ քոլեջում տիրող տրամադրությունը վկայում է, որ ուսանողները կապված են կրթօջախի և ընկերների հետ և գոհ են ստացած կրթությունից։ Ուսումնական հաստատությունը, ինչպես Արաքսիա Սվաջյանն է նշել, այն վայրն է, որը պետք է երիտասարդներին ոգեշնչի ու «թևեր տա»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել քոլեջի դասախոսներին՝ կատարած նվիրական աշխատանքի համար․ «Հենց ձեր ջանքերի շնորհիվ է, որ այսօր ունենք այսպիսի գրագետ, էմոցիոնալ, նպատակասլաց շրջանավարտների սերունդ՝ երիտասարդներ, որոնք գիտեն՝ ինչ են ուզում և ուր են գնալու»։