Հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական Վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Արարատի մարզի Դիտակ համայնքի Նվեր Սարգսյանի անվան միջնակարգ և Արտաշատի ավագ դպրոցներ՝ հետևելու ավարտական միջոցառումներին:

Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներին կարևոր օրվա կապակցությամբ՝ նշելով, որ դպրոցն ավարտելը կյանքի քիչ թե շատ անհոգ, բայց նաև ամենակարևոր փուլերից է։ Նախարարի տեղակալը շրջավարտներին մաղթել է հաջողություններ, վերելքներ, ձեռքբերումներ ու հաղթանակներ՝ կյանքի նոր փուլի մեկնարկին։

«Կրթական համակարգի կարևորագույն առաքելությունը քաղաքացի ձևավորելն է։ Վստահ եմ՝ այսօր դպրոցն ավարտող շրջանավարտներն արդեն պատրաստ են մեծ կյանքին և կարող են դիմակայել ամենօրյա խնդիրներին և մարտահրավերներին»,- ասել է նա՝ բոլորին մաղթելով բարի երթ և տոնական բարձր տրամադրությամբ հետաքրքիր և հիշարժան օր։

Նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել այն շրջանավարտներին, որոնք արդեն հանձնել են կամ առաջիկայում կհանձնեն բուհական ընդունելության քննությունները՝ հույս հայտնելով, որ նրանք կընդունվեն իրենց նախընտրած ուսումնական հաստատությունները։ Իսկ այն երիտասարդներին, որոնք այս պահին չեն շարունակելու ուսումը, մաղթել է գտնել այնպիսի զբաղմունք, որը ոչ միայն անձնական հաջողություն ու բավարարվածություն կբերի, այլև կնպաստի ընտանիքի, համայնքի և պետության հզորացմանը։

Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել ուսումնական հաստատությունների տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին` ներդրած ջանքերի, եռանդի ու նվիրումի, պատշաճ կազմակերպած կրթական գործընթացի համար:

«Մենք ապրում ենք բարդ ժամանակաշրջանում, և դպրոցն ու ուսուցիչներն այսօր բազմաթիվ անելիքներ ու խնդիրներ ունեն, սակայն մեր ընդհանուր նպատակը մեկն է՝ բարձրացնել կրթության որակը և ձևավորել այնպիսի անհատներ, որոնք կկարողանան հաջողությունների հասնել»,- նշել է նա։

Միջոցառումերի ընթացքում շրջանավարտները հանդես են եկել երաժշտական, վոկալ ու պարային կատարումներով։

Նշենք նաև, որ Արտաշատի ավագ դպրոցը վերակառուցվել է «300 դպրոց» ծրագրի շրջանակում: Այս տարի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանն ավարտում են ավելի քան 22.000, իսկ 9-րդ դասարանը՝ ավելի քան 39.000 շրջանավարտներ։