ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Նրա խոսքով՝ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, ինչպես նաև մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացման և ստեղծագործական աշխատանքի առանձնահատկությունների հաշվառման անհրաժեշտությամբ։
«Մշակույթի, կինոյի և մի շարք այլ ոլորտային օրենքներ նախկինում ձևակերպված են եղել այնպիսի տրամաբանությամբ, որը ոչ թե նպաստել է ոլորտի զարգացմանը, այլ ավելի շատ սահմանափակել, վերահսկել և խոչընդոտել մշակութային գործունեության իրականացումը, մշակույթի տնտեսականացումը և մշակութային գործարար միջավայրի ճկունությունը։ Մեր վարած քաղաքականության տրամաբանությունն ու արդեն իսկ արձանագրված արդյունքները ցույց են տալիս, որ մշակույթն այսօր ունի տնտեսական զարգացման մեծ ներուժ»,- ընդգծել է Դանիել Դանիելյանն ու նշել՝ այդ զարգացումների հիման վրա անհրաժեշտ են նաև օրենսդրական կարգավորումներ, որպեսզի ոլորտի գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպվի, համահունչ լինի ժամանակակից պահանջներին և հնարավորություն տա ավելի հստակ պլանավորելու ու զարգացնելու մշակութային գործունեությունը։
Առաջարկվող առաջին փոփոխությունը վերաբերում է «մշակութային կազմակերպություն» և «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունների տարանջատմանը։ Դանիել Դանիելյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ մշակութային գործունեությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունները կդիտարկվեն որպես մշակութային կազմակերպություններ, իսկ մշակութային ոչ առևտրային կազմակերպությունները կկազմեն դրանց առանձին խումբ՝ հատկապես շեշտադրելով հիմնադրի իրավական կարգավիճակը։ Այս դեպքում հիմնականում նկատի են առնվում պետության կամ համայնքների կողմից ստեղծված ՊՈԱԿ-ներն ու ՀՈԱԿ-ները։
Առաջարկվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների պաշտոնների անվանացանկին, օրինակելի նկարագրերին, ստեղծագործական աշխատողների կարգավիճակին, նրանց ներկայացվող պահանջներին, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության գնահատմանը և ատեստավորման գործընթացներին։
«Այս ամբողջ համակարգը, որը չափազանց կարևոր է ոլորտի արդյունավետ գործունեության համար, չպետք է լինի միասնական ու ստանդարտացված ամբողջ համակարգի համար, այլ լինի առավել թիրախային և ոլորտային առանձնահատկություններին համապատասխան։ Այդ կարգերը սահմանելու է լիազորված պետական մարմինը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ մշակույթի ոլորտում ատեստավորումն էապես տարբերվում է, օրինակ, հանրակրթության ոլորտում կիրառվող ատեստավորման համակարգից։ Եթե հանրակրթության կամ բժշկական ոլորտներում ստանդարտացված մոտեցումն արդարացված է, ապա մշակույթի ոլորտում նման մոտեցումը կարող է հակառակ արդյունք տալ։ Նա նշել է, որ, օրինակ, եթե Կապանի որևէ դպրոցի ուսուցիչ ատեստավորվում է, ապա այդ ատեստավորումը նույն ուժն ունի Երևանի ցանկացած դպրոցում, մինչդեռ մշակույթի ոլորտում գործ ունենք տարբեր ժանրերի, տարբեր չափերի և տարբեր ուղղվածությունների կազմակերպությունների հետ։ Այդ պատճառով առաջարկվում է, որպեսզի ատեստավորման ձևերն ու բովանդակությունը լինեն առավել թիրախային և համապատասխանեն տվյալ ոլորտի առանձնահատկություններին՝ օրինակ՝ դրամատիկական թատրոնի, դասական երաժշտության, ժամանակակից կամ այլընտրանքային երաժշտության ոլորտներում։
«Այս կարգավորումը նաև մեծ հնարավորություններ է ստեղծում աշխատավարձերի և հավելավճարների բարձրացման համար։ Այսինքն՝ մեր մշակութային գործիչները, որոնք աշխատում են պետական համակարգում, կունենան իրենց վարձատրությունը բարձրացնելու իրական հնարավորություն»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ ընդգծելով, որ վերջին երկու տարիներին ներդրված նոր ֆինանսավորման մոդելի շրջանակում տարբեր պետական մշակութային կառույցներ ունեցել են զգալի աճ թե՛ բյուջեների, թե՛ աշխատավարձերի մասով։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ այս տարի ևս մեկ կառույց կընդգրկվի այդ նոր մոդելի շրջանակում և կօգտվի այն հնարավորություններից, որոնք նախատեսված են ոլորտի ներկայացուցիչների համար։
«Հաջորդիվ՝ Կառավարության իրավասությունների մասով առաջարկվում են մի շարք հստակեցումներ։ Կառավարությունը հաստատելու է պետական բյուջեով նախատեսված մշակութային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգը, ինչպես նաև աջակցելու է պետություն-մասնավոր համագործակցությանը։ Այստեղ ևս նախկինում առկա էին բազմաթիվ սահմանափակումներ։ Փաստացի նախապես որոշված էր, թե ինչ ձևաչափով պետք է իրականացվի համագործակցությունը, մինչդեռ ազատ շուկայի և մրցակցային տնտեսության պայմաններում համագործակցության պայմանները պետք է ձևավորվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Սա նաև հնարավորություն կտա ներգրավելու նոր ֆինանսական միջոցներ տարբեր ծրագրերի շրջանակում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է մշակութային կազմակերպությունների և միջոցառումների ֆինանսավորման փորձնական մոդելների ներդրմանը։ Դանիել Դանիելյանի խոսքով՝ ոլորտում մինչ օրս կիրառվում են դեռևս 1990-ականներից պահպանված նորմատիվներ, որոնք այլևս չեն համապատասխանում շուկայական ներկայիս պայմաններին։ Այսինքն՝ եթե պետությունը ֆինանսավորում է որևէ ծրագիր, ապա գործում են վճարման առավելագույն չափեր, որոնք զգալիորեն ցածր են շուկայական իրական արժեքներից։ Արդյունքում ծրագրեր իրականացնողները դժվարանում են ներգրավել բարձրակարգ մասնագետների, մինչդեռ լավ մասնագետները շուկայական տնտեսության պայմաններում պետք է համապատասխան վարձատրվեն։
«Մշակույթի ոլորտն այսօր, մեր վարած քաղաքականության շնորհիվ, տնտեսական զարգացման նոր հնարավորություններ է ստացել, և ոլորտում արդեն հնարավոր է արժանապատիվ եկամուտներ ապահովել։ Սակայն գործող որոշ կարգավորումներ դեռևս խոչընդոտում են այդ գործընթացին։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր մշակութային գործիչները կարողանան արժանապատիվ վարձատրություն ստանալ, և եթե առաջարկվող փոփոխություններն ընդունվեն, հաջորդիվ կաշխատենք գործող նորմատիվները հնարավորինս մոտեցնել շուկայական պայմաններին»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Վերջին փոփոխությունը վերաբերում է միջազգային միջոցառումների և նախագծերի մասնակցության պետական աջակցությանը։ Առաջարկվում է սահմանել պետական աջակցության մեխանիզմներ, որպեսզի մշակութային գործիչները կարողանան մասնակցել միջազգային մրցույթների և նախագծերի, ներկայացնել իրենց աշխատանքները միջազգային հարթակներում։ Այդ աջակցության տրամադրման կարգն ու չափորոշիչները սահմանելու է պետությունը։
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներկայացված նախագծին: