ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ օրենքը շուրջ երկու տարի է՝ կիրառության մեջ է, և այդ ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն են առաջացրել։ Սրանով պայմանավորված՝ ներկայացվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը հիմնականում ներառում է փոփոխություններ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում, սակայն փաթեթում առկա են նաև փոփոխություններ «Կրթության մասին», «Լիցենզավորման մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքներում, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ առաջարկվում են կարգավորումներ, որոնց կարևոր մի խումբ վերաբերում է մասնագիտական ուսումնական հաստատությունների լիցենզավորմանը։ ՄԿՈւ օրենքով սահմանված էր, որ ՄՈՒՀ-երի լիցենզավորումը պետք է իրականացվի որակավորումների ոլորտային շրջանակների հիման վրա՝ հաշվի առնելով, որ նախատեսվում է անցում կատարել չափորոշչային ուսուցումից դեպի որակավորումների շրջանակի վրա հիմնված ուսուցում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, սակայն, հաշվի առնելով, որ ՈՈՇ-ների ձևակերպումն աստիճանական գործընթաց է, ներկայում դժվարություններ են առաջանում լիցենզավորման, նոր մասնագիտությունների ներդրման կամ նոր կառույցների լիցենզավորման հետ կապված։ Ուստի, ներկայացված օրենսդրական փաթեթով առաջարկվում է աստիճանական անցման հնարավորություն սահմանել լիցենզավորման գործընթացում․ այն դեպքերում, երբ տվյալ մասնագիտությունը դեռ դասավանդվում է չափորոշչով, լիցենզավորումը կիրականացվի չափորոշչի հիման վրա, իսկ եթե որակավորումների ոլորտային շրջանակները ձևավորված լինեն, արդեն՝ դրանց հիման վրա։

Կարգավորումների երկրորդ խումբը վերաբերում է ֆինանսավորմանը։ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ արդեն երկու տարի է՝ գերակա ուղղություններով իրականացվում է ընդունելություն և կրթության կազմակերպում, սակայն օրենքում դրա վերաբերյալ հստակ լիազորող նորմեր չկային։ Ներկայացված առաջարկությամբ նախատեսվում է սահմանել լիազորող նորմ, որով կսահմանվեն գերակա մասնագիտությունները և դրանց ֆինանսավորման կարգը։

«Հաշվի առնելով, որ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության և հասանելիության ապահովումը, և որ նախադպրոցական ու հանրակրթական համակարգերում ներառական կրթությունն արդեն ներդրված է, վերջին տարիներին աշխատանքներ են տարվել նաև մասնագիտական կրթության ոլորտում ներառական կրթության զարգացման ուղղությամբ։ Անհրաժեշտություն է առաջացել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների համար սահմանել մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման կարգավորումներ, և այդ նպատակով ևս առաջարկվում է համապատասխան լիազորող նորմ»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ հաջորդ կարգավորումը վերաբերում է մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեության կազմակերպմանը։ Ներկայում հաստատված պաշտոնի անձնագրեր չկան, որոնցով հստակ սահմանված կլինեն, թե ՄՈՒՀ-երում դասավանդող մանկավարժական աշխատողներն ինչ գործառույթներ ունեն, ինչ պայմաններով կարող են ընդունվել աշխատանքի, ինչպես նաև ինչ պահանջներ են սահմանվում վարչատնտեսական աշխատողների համար։ Ներկայացված փոփոխությունը հնարավորություն կտա սահմանել պաշտոնի անձնագրեր ՄՈՒՀ-երում աշխատող բոլոր աշխատակիցների համար։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դասավանդողների մասնագիտական զարգացման և խրախուսման համակարգերին։ Արդեն երկու տարի է՝ իրականացվում է ՄՈՒՀ-երում դասավանդող դասախոսների և վարպետների ատեստավորման գործընթացը, իսկ նախորդ տարվանից մեկնարկել է նաև տարակարգերի տրամադրման գործընթացը։

«Սա էական ազդեցություն է ունեցել, և ներկայում շուրջ 500 դասախոս արդեն ատեստավորվել է։ Նախկինում գործող՝ հիմնականում նվազագույն աշխատավարձի վրա հիմնված համակարգի համեմատ այժմ նրանք ստանում են երկու-երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ՝ կախված ատեստավորման արդյունքներից։ Ներկայացված նախագծով առաջարկվում է առանձնացնել ատեստավորման և տարակարգերի գործընթացների լիազորող նորմերը և ունենալ առանձին կարգավորումներ յուրաքանչյուր գործընթացի համար»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու նշել՝ հաշվի առնելով, որ հանրակրթության ոլորտում արդեն գործում է կարգավորում, ըստ որի՝ եթե դասավանդողը երկու անգամ չի հաղթահարում ատեստավորման գործընթացը, այլևս նա չի կարող շարունակել իր գործունեությունը որպես դասախոս. առաջարկվում է նույն կարգավորումը սահմանել նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում։

Հաջորդ կարգավորումը վերաբերում է շրջանավարտներին։ Հաշվի առնելով, որ միջնակարգ կրթությունը Հայաստանի Հանրապետությունում պարտադիր է, սակայն ՄԿՈՒ համակարգում կան 9-րդ դասարանի հիմքի վրա ուսումնառությունը շարունակող ուսանողներ, և խնդիրներ էին առաջանում, երբ նրանք դիմում էին արտասահմանյան բուհեր։ Օրինակ՝ եվրոպական բուհերը քոլեջի դիպլոմը չէին դիտարկում որպես հանրակրթությունը հավաստող փաստաթուղթ։ Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է, որ քոլեջի կողմից տրվող դիպլոմը ունենա ներդիր, որտեղ կնշվեն ուսումնասիրված հանրակրթական առարկաները, և այն կհավաստի, որ ուսանողը հաղթահարել է նաև հանրակրթության ավագ մակարդակը։

Վերջին կարգավորումը վերաբերում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևերի զարգացմանը։ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ գործող օրենքով նախատեսվում էր դուալ կրթությունը համակարգող մարմնի ստեղծում, սակայն վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ այդ մարմինը պետք է համակարգի ոչ միայն դուալ կրթությունը, այլև ընդհանրապես մասնագիտական կրթության ոլորտը։

«Կառավարության որոշմամբ արդեն հաստատվել է նոր կանոնադրություն, համաձայն որի՝ ստեղծվում է մասնագիտական կրթության զարգացման նոր կառույց՝ վերակազմակերպելով գործող հիմնադրամը։ Այդ կառույցը պատասխանատու կլինի նաև դուալ կրթության համակարգման համար։ Սա հնարավորություն կտա փոխկապակցել կրթության բովանդակությունն ու մասնավոր հատվածի հետ համագործակցությունը և նպաստել, որպեսզի ՄԿՈՒ ոլորտում իրականացվի առավել որակյալ կրթություն»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Ծավալվել է հարցուպատասխան: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կքննարկվի հատուկ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով ապահովելով երկրորդ ընթերցումը: