Երևանում մեկնարկած «Կայուն դպրոցական սննդի ծրագրերը համաշխարհային և տարածաշրջանային համատեքստում» միջազգային փորձի փոխանակման այցի շրջանակում բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Հայաստանի դպրոցական սննդի ծրագրի ազգայնացման հաջողված փորձին, դպրոցական ճաշարանների աշխատանքին, կրթական ու գյուղատնտեսական նորարար նախաձեռնություններին, ինչպես նաև ծրագրի կայունացմանն ուղղված համայնքային և դպրոցական մոդելներին։

Այցին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Ղրղզստանի և Տաջիկստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլա Մելիուն, Բրազիլիայի ՊՀԾ Սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանը, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, ՌԴ դեսպանության, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչներ և այլք։

Պատվիրակության առաջին կանգառը Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցն էր, որտեղ աշակերտները բարձրաստիճան հյուրերին դիմավորել են աշակերտական գեղարվեստական թեմատիկ ներկայացումներով։ Դպրոցն այն մի քանի տասնյակ հաստատությունների շարքում է, որտեղ ՄԱԿ ՊՀԾ աջակցությամբ ստեղծվել է դպրոցահեն ինտենսիվ այգի՝ 2000 մ² տարածքի վրա տնկված 600 ծառ։ Հյուրերը դպրոցական ճաշարանի գործունեությանը ծանոթանալուց հետո շրջել են այգում, ծանոթացել դպրոցում գործող «Նորարար այգի» խմբակին, «Մեր խոտաբույսերը» ծրագրին, ունկնդրել կրտսեր դպրոցականների բեմադրած բերքի մասին պատմող ներկայացումը, դպրոցականների հետ միասին մասնակցել սերմնացանի։

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Աբովյան քաղաքի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց: Հյուրերը ծանոթացել են դպրոցի 500 մ² մակերեսով ջերմատանը, որի տարածքի մի մասում ավանդական ջերմոց է, իսկ մյուս մասում՝ հիդրոպոնիկ։ Հիդրոպոնիկ հատվածում աճեցվում է ելակ՝ կոկոսի մանրաթելերով պարկերում։ Ջերմատունը հիմնվել է 5 տարի առաջ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ։ Դպրոցի «Նորարար ջերմատուն» խմբակի մասնակիցները ներկայացրել են ավանդական և հիդրոպոնիկ ջերմոցների տարբերությունները, ջերմատնային գյուղատտեսության առանձնահատկությունները։ Հատկանշական է, որ դպրոցում ջերմոցի և համապատասխան խմբակի ստեղծումից հետո շատ աշակերտներ որոշել են իրենց ապագա մասնագիտությունը կապել նորարար գյուղատնտեսության հետ։

Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցը հյուրերին ընդունել է նորակառույց շենքում, որը կառուցվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Պաշտոնյաները շրջայց են կատարել դպրոցի տարածքում՝ ծանոթանալով ճաշարանի, ԲՏՃՄ առարկաների համար առանձնացված քիմիայի և կենսաբանության լաբորատորիաների, հանդիսությունների դահլիճի, մարզադահլիճի, գրադարանի, ֆուտբոլի դաշտի ու դպրոցի՝ աշակերտների նախագծերով ձևավորած ծաղկանոցի պայմաններին։ Հյուրերը մանրամասն դիտարկել են դպրոցի ճաշարանը, որտեղ ամեն օր դպրոցի 780 աշակերտ օգտվում է «Դպրոցական սնունդ» ծրագրից, իսկ 2026 թ․ հունվարից կրտսեր դպրոցի 80-130 աշակերտների համար գործող երկարօրյա խմբերը ստանում են նաև տաք սնունդ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, անդրադառնալով դպրոցի կառուցման մանրամասներին, նշել է․ «Աբովյանի թիվ 2 դպրոցը հանրապետության ամենամեծ դպրոցներից մեկն է, և այն ժամանակակից գույքն ու սարքավորումները, որով արդեն ապահովված է դպրոցը, հնարավորություն են տալիս տեխնոլոգիապես զարգացած մոտեցում ունենալ սննդի կազմակերպմանը»։

Նորակառույց դպրոցում կա 3 վերելակ, որոնցից մեկը նախատեսված է հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Դպրոցն ունի թվային տեխնոլոգիաների, կենսաբանության, շախմատի ամբողջովին վերազինված կաբինետներ, կերպարվեստի սենյակ, հարուստ գրադարան և ժամանակակից ձայնային սարքավորումներով հագեցած հանդիսությունների հարմարավետ դահլիճ, որտեղ անցկացվում են զանազան դպրոցական փառատոներ, ամեն ուրբաթ ելույթ են ունենում երաժշտական գործիքներին տիրապետող դպրոցականները։ Դպրոցի ներսում կա ժամանակակից մարզադահլիճ, իսկ դրսում ֆուտբոլի դաշտ է, որտեղ անցկացվում են միջդասարանային մրցաշարեր։

Այցը հնարավորություն է տվել միջազգային պատվիրակության անդամներին ծանոթանալու Հայաստանի դպրոցական սննդի ծրագրի տարբեր բաղադրիչներին՝ տաք սննդի կազմակերպումից և ճաշարանների ենթակառուցվածքների զարգացումից մինչև դպրոցական ջերմատներ, այգիներ, վերականգնվող էներգիայի օգտագործում, ծնողական ու համայնքային մասնակցություն և երեխաների աշխատանքային ու ֆինանսական հմտությունների ձևավորում։

Կոտայքի և Գեղարքունիքի դպրոցների օրինակները ցույց են տալիս, որ դպրոցական սնունդը կարող է լինել ոչ միայն երեխաների առողջ սննդի ապահովման մեխանիզմ, այլև կրթական, գյուղատնտեսական, սոցիալական և համայնքային զարգացման հարթակ։ Այս փորձը կարևոր է ինչպես Հայաստանի դպրոցական սննդի ծրագրի հաջողված փորձի ներկայացման, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային փորձի փոխանակման տեսանկյունից։