Այսօր լրանում է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սաշուր Քալաշյանի 90-ամյակը:

Սաշուր Քալաշյանը ծնվել է 1936 թ. մայիսի 20-ին Գյումրի քաղաքում: 1959 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1961-1972 թթ. աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում՝ միաժամանակ 1964-1966 թթ. դասավանդելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1972-1975 թթ. աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում, 1975-1994 թթ. եղել է Գյումրու գլխավոր ճարտարապետը, 1995-2000 թթ.՝ «Հայնախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետն է, 2000-2010 թթ․ նույն կառույցի փոխտնօրեն, 2010 թվականից առ այսօր՝ Ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, տնօրենի խորհրդատու:

Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ նախագծվել ու կառուցվել են մի շարք կառույցներ, որոնցից նշանավոր են հատկապես Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը (1967 թ.) և թանգարանը (1995 թ.), Արտաշատ քաղաքի գլխավոր հատակագիծը՝ 1967 թ., Գյումրիում վերականգնվել են Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների շենքերը, Ձիթողցյանների տունը, կազմել է «Կումայրի» պատմամշակութային հնավայրի նախագիծը, իսկ 1988 թ.՝ նաև Գյումրի քաղաքի հատակագիծը:

Սաշուր Քալաշյանն իր երկարատև բեղուն գործունեության ընթացքում արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների և պարգևների: Նա ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է քաղաքաշինության բնագավառում, ստացել է ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985)՝ Գյումրիի պատմական միջավայրի վերականգնման և «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի ստեղծման համար, «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2005)։ Եղել է Գյումրու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի նախագծի խմբի ղեկավարը և արժանացել 1-ին մրցանակի (2005)։ Պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով (2021), արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչման (2022): Նա նաև եղել է «Երիտասարդ ճարտարապետների համամիութենական ստուգատեսի» դափնեկիր (1968):

ԿԳՄՍ նախարարությունը հոբելյանի առթիվ շնորհավորում է վաստակաշատ ճարտարապետին, նրան մաղթում աշխատանքային նոր ոգեշնչումներ և քաջառողջություն: