Այս տարի լրանում է հայ երաժշտական արվեստի երախտավոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ազգային նվագարանների ջատագով, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը։

Հոբելյանի շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը կազմակերպել է հոբելյանական համերգ, որը տեղի է ունեցել Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հանդես են եկել Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, հայ երգի երախտավոր Ռուբեն Մաթևոսյանը, երգիչներ Մաշա Մնջոյանը, Վարդան Բադալյանը, Մոնիկա Նազարյանը, Դավիթ Խաչատրյանը, Արփին, Արման Գրիգորյանը:

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և 47.design կազմակերպության հետ համատեղ 2026 թվականին թողարկվել է Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակի հուշամեդալ:

Համերգի շրջանակում Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակի հուշամեդալով պարգևատրվել են ժողովրդական արվեստի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող մշակութային գործիչներ, այդ թվում՝ երգիչ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի պարային մասի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանը:

Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: